Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դերում՝ Հասմիկ Պապյան

Մշակույթ
MHM85095

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ 2014թ. իր համերգային ծրագրի մեկնարկը կազդարարի օպերայի կատարմամբ. փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի` Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: Ավելի քան 40 տարի Հայաստանում չներկայացված այս ստեղծագործությունը Երևանի դասական բեմահարթակ կվերադառնա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ (Տոսկա): Մյուս գլխավոր դերերգերում հանդես կգան անվանի երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսիի դերում), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիայի դերում) և Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտիի դերում): Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ Ֆիլհամոնիկի հետ բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» մանկական երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան): Նշենք նաև, որ փետրվարի 19-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ համերգով հարգանքի տուրք կմատուցի մեր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկի` Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմ»-ը (մասնակցությամբ` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, Հրաչուհի Բազենցի (Գերմանիա), Նարինե Անանիկյանի և Լիպարիտ Ավետիսյանի): Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո կենտրոն