Գինեսի ռեկորդ սահմանելուն մնաց մի քանի օր
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը փետրվարի 20-ին կարող է Գինեսի ռեկորդակիր դառնալ։ Նա Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին պատրաստվում է մեկ երեկոյի ընթացքում կատարել Պագանինիի 6 ջութակի կոնցերտները։ Գինեսի գրքում գրանցվելու համար հայտն արդեն ներկայացվել է։ Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակը կկազմի անկախ փորձագետների խումբ՝ բաղկացած 3 հոգուց։ Նրանք կհետեւեն համերգին, կտեսաձայնագրեն այն եւ կուղարկեն գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակ։ Այս պահին ընթանում են փորձերը։ Ջութակահար Նիկոլայ Մադոյանը հիասքանչ տրամադրություն ունի, հատկապես, որ իր ռեկորդը հայրենիքում է պատրաստվում կատարել, այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց համերգային ծրագրի աջակից թիմի համակարգող Սուսաննա Զորանյանը. «Այս ծրագիրը նա վաղուց կարող էր կյանքի կոչել այլ երկրներում, որտեղից բազմաթիվ հրավերներ էր ստացել, բայց նա ջանում էր, որ Հայաստանում իրականացնի այս համերգային ծրագիրը»։ Տեղեկացնենք, որ դեռեւս 2000թ.-ին Նիկոլայ Մադոյանը Բեթհովենի դաշնամուրի եւ ջութակի համար գրված «10 սոնատների» շարքով, կոմպոզիտորի 230-ամյակի առթիվ, ունկնդրին ներկայացավ երեք օր անընդմեջ 3ժ 40ր տեւողությամբ մենահամերգներով, ընդ որում՝ անգիր կատարմամբ: Բախի «Սոնատներ և պարտիտներ» մենանվագ ջութակի համար շարքը մեկ երեկոյի ընթացքում անգիր կատարմամբ հնչեցնելը նույնպես չի տրվել որևէ այլ ջութակահարի: Աշխարհում հազվադեպ կատարվող գործերից Բախի «Սոնատներ ջութակի և կլավեսինի/ռոյալ/համար» շարքը Նիկոլայ Մադոյանը ևս մեկ երեկոյի ընթացքում է կատարել։