Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանները չեն հասցրել հեքիաթը սովորել» (տեսանյութ)

Հասարակություն
0dfb30d2ebe8c3ca7e76e4bab6bc8a79

«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստն այսօր հետաձգվեց: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց այն նշանակել մարտի 5-ին: Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նիստի հետաձգման պատճառը տուժող ոստիկանն էր, հիվանդացել էր. «Նրանք, հավանաբար, ինչ-որ սցենար չեն հասցրել գծել, մեր կողմը անցած դատական նիստին պահանջել էր, որ ոստիկանության ավտոմեքենայում գտնվող երեք ոստիկանները հարցաքննվեն նույն օրը, որպեսզի իրանք չհասցնեն ինչ-որ սցենարներ գծել, որովհետև նույն նախաքննության ժամանակ իրանք տվել են հակասական ցուցմունքներ, այսինքն` չեն կարողացել անգիր սովորել իրանց հեքիաթները»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նրան սատարելու եկած քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը համոզմունք ունի, որ հետաձգման պատճառը ամենևին էլ քաղաքում տարածված գրիպային վիրուսը չէ. «Ինձ թվում է` այս հետաձգումը հիմնականում կապված է հարցի հանրայնացման հետ, ես այն կարող եմ կապել նաև Ուկրաինայի դեպքերի հետ, որովհետև արդեն ոստիկանությունն էլ է գիտակցում, որ եթե շարունակի իր ռեպրեսիաները արժանապատիվ քաղաքացիների հանդեպ, միգուցե ստանա համարժեք պատասխան»: Անորոշ ընթացք ունեն նաև Կոմիտաս 5-ի բախմանը մասնակցած մյուս ակտիվիստների դատական գործերը: Երեկ նույն պատճառաբանությամբ հետաձգվել էր ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանի դատական նիստը, ոստիկանը կրկին չէր ներկայացել. «Ոնց հասկացա, ոստիկանությունը նաև սկսել է հայցերը հետ վերցնել, կարծում եմ` ակնհայտ անհիմն լինելու պատճառով: Ոստիկանությունը սկսել է բավականին անլուրջ աշխատել, կոնկրետ իմ գործով կան փաստեր, երբ որ փորձում են ուժով ետ քաշել։ Բայց երբ որ հարցում է ուղարկվում ոստիկանություն, պատասխանում են, թե անձինք պարզաբանված չեն, ստացվում է, որ ինչ-որ անձինք են ֆռում ոստիկանության անունից տներով ու բերման են ենթարկում մարդկանց»: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստները բողոքում էին Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ: Նախորդ տարվա օգոստոսի 24-ին լարվածությունները հասան կրիտիկական կետի, բախումների արդյունքում բերման ենթարկվեց 40-ից ավելի քաղաքացի: