Դրամահավաքություն ֆիլմի համար. Նախարարն օգնել է (տեսանյութ)
«Արարատից Եվրոպա» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի՝ «Նախնյաց մոռացված հայրենիքի» սցենարի 80 տոկոսն արդեն պատրաստ է: Այսօրվա ասուլիսում ֆիլմաշարի հեղինակ Արսեն Հակոբյանը նշեց, որ երբ լուծվեն ֆինանսական հարցերը, Արևմտյան Եվրոպայում կնկարահանվի ֆիլմի մնացած մասը: Ֆիլմի բյուջեն 50 հազար եվրո է, ֆեյսբուքում դրամահավաքության էջ է բացվել, միայն կրթության նախարար Արմեն Աշոտյանն է, որ խոստացել է այս տարի 2 մլն դրամով աջակցել նկարահանումներին: Հակոբյանի խոսքով՝ «Նախնյաց մոռացված հայրենիքը» քարոզչական հզոր մեքենա է: Ֆիլմում խոսվելու է Հայկական լեռնաշխարհում քաղաքակրթության ստեղծման և տարածման մասին, ընդ որում՝ այս մասին խոսելու են օտարազգի գիտնականները: «Ֆիլմը կոչվում է «Նախնյաց մոռացված հայրենիք», քանի որ եվրոպացի մի շարք ազգեր մոռացել են իրենց հայրենիքը այն դեպքում, երբ իրենց ծագումը գալիս է հայկականից»,- ասաց Հակոբյանը: Հայագետ Համլետ Մարտիրոսյանը հավելեց, որ ֆիլմն ունենալու է երկու առանցք: Առաջին՝ քաղաքակրթությունը ծագել է Հայաստանում, ապա տարածվել ողջ աշխարհում: Երկրորդ՝ ժամանակակից որոշ ցեղեր ու ազգեր իրենց ազգային ավանդական հիշողության մեջ պահպանել են այն, որ եկել են Հայաստանից: «Կոնկրետ այս ֆիլմում կնշվեն բասկերը, բավարացիները, բրիտները»,- ասաց Համլետ Մարտիրոսյանը: Ֆիլմաշարի առաջին ֆիլմում, որը ևս կոչվում է «Արարատից Եվրոպա», խոսվում է Հայկական լեռնաշխարհից դեպի Եվրոպա քրիստոնեական մշակույթի տարածման մասին: Առաջին ֆիլմում ևս հիմնականում ներկայացված են օտարազգի գիտնականների կարծիքները: «Արարատից Եվրոպան» առաջին անգամ ցուցադրվել է 2010թ. ապրիլին, այնուհետև թարգմանվել 4 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է մոտ 20 անգամ, ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում՝ մոտ 30: Ֆիլմաշարի հեղինակի խոսքով՝ առաջին ֆիլմի բոլոր արձագանքները դրական էին՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ «Մոսկվա» կինոթատրոնից մի աղջիկ դուրս է եկել ֆիլմի կեսից ու բողոքել: