Փախստականի սումգայիթյան պատմություններն ԱՄՆ-ում
Նյու Յորքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացել է Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը՝ նվիրված սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին ։ «Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը՝ Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների մասին։ Որպես դեռահաս աղջնակ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական եւ ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից։ Հեղինակը, ով մասնագիտությամբ նաեւ իրավաբան է, հետեւություններ է անում համայն հայության վրա ոճրագործությունների պատճառած ծանր հետեւանքների մասին։ Շնորհանդեսին ընդարձակ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը՝ բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունն ու իր հերթին կարեւորել ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը։ Դեսպանը նշել է, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում իմի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները՝ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար՝ վերջին շրջանում նոր թափով աշխարհի տարբեր երկրներում իրականացվող Ադրբեջանի կոռումպացված իշխանությունների նենգ ու վտանգավոր քարոզչության դեմ ։ Շնորհանդեսի վերջում հանդես եկավ գրքի հեղինակը՝ պատասխանելով նաեւ ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր կառույցների մամուլի ներկայացուցիչներ, ամերիկահայ երիտասարդներ եւ օտարերկրացիներ ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի