Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է կարդում հայ հանրությունը

Հասարակություն
Groxneri-miutyan-nor-nakhagahhin-khndirner

Այսօր գրողների միջազգային օրն է։ ՀՀ գրողների միությունը օրվա առիթով ցերեկույթ է կազմակերպել: Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը մեզ հետ շատ արագ զրուցեց, քանի որ շտապում էր միջոցառմանը. «Իհարկե, նշում ենք օրը, այստեղ են ոչ միայն գրողներ, այլև դերասաններ, ովքեր իրենց ողջույնի խոսքը կասեն և կշնորհավորեն»: Գրողների միջազգային օրվան ընդառաջ փորձեցինք պարզել հայ ընթերցասերների գրական ճաշակը: «Նոյյան տապան» գրախանութի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանի խոսքով, այսօր մեծ վաճառք ունի մանկական գրականությունը. «Բարձրացել է տեղական գրքերի որակը և շատացել է տեսականին: Մանկական հեքիաթները հետաքրքիր զարդարված են, ինչն էլ հավանաբար օգնում է իրացմանը»: Նրա աշխատանքային երկար տարիների փորձը ցույց է տվել, որ հայ ընթերցողը սիրում է հիմնականում արձակ գործեր. «Գնում են հիմնականում վեպեր, պատմավեպեր, պատմվածքներ և մասնագիտական գրականություն, վաճառվում է հիմնականում ռուսալեզու գրականություն, իսկ թե ինչու ռուսական, քանի որ հայալեզու մասնագիտական գրականությունը շատ քիչ է»,- շարունակեց Հայկ Մկրտչյանը: Թե «Նոյյան տապան» գրախանութի, թե Վերնիսաժի գրավաճառները վստահեցրեցին, որ Հայաստանում հիմնականում գրքեր գնում են ուսանողները, և առավել շատ վաճառվում է մասնագիտական գրականությունը: Հայ դասականներով թեև հետաքրքրվում են, սակայն այնքան էլ լավ չեն վաճառվում. ըստ գրավաճառների՝ պատճառը գրքերի բարձր գինն է: «Ցանկանում էի կնոջս ծննդյան առիթով գիրք գնել, սակայն լավ գրքերը լավ գին ունեն»,- ասում է քաղաքացի Կարեն մինասյանը: Սակայն գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ աշխարհում ամենամատչելի գրքերը Հայաստանում են. «Երբ շրջեք աշխարհով մեկ, պարզապես հարցրեք գրքերի գները և կհամոզվեք, որ բոլոր պետություններում գիրքը թանկ հաճույք է»: Մերուժան Տեր-Գուլանյանի համար, որպես գրող, լավագույն գնահատականը և նվերը ընթերցողի վերաբերմունքն է. «Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ այսօր մարդիկ ավելի շատ են գրքեր կարդում: Ժամանակին ես Ջեկ Լոնդոնի հատորները գնել եմ ընդամենը 2000 դրամով, այժմ բավական թանկ է, ինչն էլ նշանակում է, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է»: Թեև բոլորը հավաստեցին, որ Հայաստանում գիրք կարդացողների թիվը փոքր չէ, միևնույն է, մեր հարցումների ընթացքում ոչ ոք տեղյակ չէր, որ այսօր գրողների միջազգային օրն է։ Գրողների միջազգային օրը նշվում է 1986 թվականի մարտի 3-ից «Փեն» (International PEN Club) ակումբի որոշմամբ: Ակումբի անունն իրականում հապավում է, անգլերենից թարգմանած նշանակում է՝ poets–պոետներ, essayists–էսսեիստներ և novelists–նովելիստներ: