«Պետությունը չի զսպում թանկացումները» (տեսանյութ)
Մարտի 8-ին ծաղիկների գների աներևակայելի աճը չի խանգարել «Հայաստանի սպառողների միություն» հկ նախագահ Արմեն Պողոսյանին ծաղիկներ գնել, բայց նա զարմանքով է նկատում, որ տարեցտարի այս օրերին գների աճը նոր թափ է ստանում.« Եթե ամենահամեստ ծաղիկը 100-ից դարձավ 600 դրամ, եթե որոշ ծաղիկների մի հատիկը 600 դրամից դարձավ 1500 դրամ,, ծանր է մեր հասարակության համար։ Իհարկե, գործում է առաջարկի և պահանջարկի օրենքը, բայց դա չի խանգարում, որ պետության կողմից լինեն զսպող մեխանիզմներ»,-նկատում է նա։ Արմեն Պողոսյանը հիշեցնում է՝ համապատասխան օրենքում կան գների ժամանակավոր աճը սահմանող դրույթներ. «Մեր օրենսդրությունում կա ժամանակավոր առաստաղային կամ առավելագույն գներ սահմանելու մասին կետեր, բայց ես չեմ հիշում, որ դրանք երբևէ կիրառվեն»։ Ըստ նրա՝ նման թանկացումները բնական կհամարվեին, եթե բարձր լիներ նաև մարդկանց եկամուտը. «Չեմ ուզում խորանալ թվերի մեջ, բայց մենք չեն տեսնում պետության կողմից տարվող տնտեսական այն գիծը, որը կուղղվեր զսպելու այնպիսի երևույթներ, ինչպիսիք են օրինակ թանկացումները։ Նման խնդիրները արմատական լուծում են պահանջում, հուսանք, որ գոնե ապրիլի 7-ին թանկացումները կլինեն ավելի մեղմ»,- հույս հայտնեց նա։