Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աուտիզմի իրազեկման երթ

Հասարակություն
autizm

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված երթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ երթի մասնակիցների հետ հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ողջունելով նախաձեռնությունը՝ քաղաքապետը բարի երթ է մաղթել մասնակիցներին, ովքեր Երևանի մի շարք հանրակրթական, հատկապես ներառական կրթությամբ դպրոցների աշակերտներն էին: Նրանք երթով իրենց զորակցությունն են հայտնում համադասարանցի ու հասակակից ընկերներին, այդպիսով նաև լայն հասարակայնությանը իրազեկում նրանց խնդիրների մասին։ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը նշել է, որ այս տարի ապրիլի 2-ի՝ Աուտիզմի իրազեկման օրվա ամենամյա միջոցառումների մեկնարկի վայր է ընտրվել Երևանի քաղաքապետարանը՝ ի նշան շնորհակալության, քանի որ Երևանի քաղաքապետի հոգածությամբ աուտիզմով երեխաների համար հատուկ դպրոցի շենք է հատկացվել, որտեղ առկա են նաև երեխաների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայաստանում մոտ 1000 երեխա ունի աուտիզմ. կարծում է երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում 100 երեխաներից մեկը աուտիզմ ունի. «Այս երեխաների հանդեպ պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերել։ Օրինակ՝ մենք աշխատում ենք հատուկ ծրագրով, որտեղ շեշտը դրված է անհատական աշխատանքին»,- «Ա1+»-ին ասաց Նարինե Վարդանյանը։ Նրա խոսքերով՝ աուտիզմով երեխաներին հարկավոր է ինտեգրել հասարակության մեջ. «Այդ պատճառով մենք ինտեգրմանը տարբեր թերապիաներ ենք իրականացնում, միայն համակարգված և կոմպլեքս բուժումն է, որ կարող է երեխաներին բավականին մեծ առաջընթաց տալ»,- հավելեց մասնագետը։