«Կառավարությունը մոլորեցնում է հանրությանը». «Դեմ եմ» թիմ (տեսանյութ)
Կառավարության անդամները մոլորեցնում են հանրությանը` հայտարարում են «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները և հանրությանը հորդորում արհամարհել գործադիր մարմնի ներկայացուցիչների խոսքերը. «Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո տարբեր լրատվամիջոցներով տարածում էր մոլորեցնող տեղեկություններ: Մենք կոչ ենք անում հանրությանը իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի հայտարարությունները չընդունել որպես հիմք»,- նշում են նախաձեռնության անդամները: Նրանց խոսքերով` Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը հօգուտ հանրությանն էր. «Ես ինքս ինժեներ եմ և ամեն մի արտադրանք տալիս պետք է բազմաթիվ անգամ փորձարկվի, նոր թողարկվի: Հիմա ես զարմանում եմ կառավարության վարքի վրա, փաստորեն 10 տարվա օրենքը բազմաթիվ հակասահմանադրական դրույթներ ունի: Գործադիրի ամենակարևոր նախագիծը հակասահմանադրական է, այս ամենից հետո կառավարության անդամներն առնվազն պետք է ներողություն խնդրեին»,- ասաց նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանը: Այդուհանդերձ, «Դեմ եմ»-ը շարունակելու է պայքարը, քանի դեռ ի վերջո կառավարությունը տեղի չի տվել և օրենքի պարտադիր բաղադրիչը չի հանվել: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախաձեռնությունը պատրա՞ստ է երկխոսել գործադիր մարմնի հետ, նրանցից Հարություն Առլամանյանը պատասխանեց. «Եթե կառավարության ղեկավարությունը չի ուզում հանի «պարտադիր»-ը, ապա երկխոսության մասին խոսք անգամ գնալ չի կարող լինել»: Խոսելով չորս ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության հետագա ընթացքից` «Դեմ եմ» թիմը հայտարարում է, որ այդ ձևաչափը չի փոխելու. «Համագործակցությունը մինչև հիմա ոնց եղել է, այդպես էլ մնալու է»: Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ամբողջ ուժով կիրառման մեջ է 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը, այսինքն` այն ժամկետը, որ տվել է ՍԴ-ն: «Դեմ եմ» թիմի անդամները հրաժարվեցին մեկնաբանել վարչապետի խոսքերը. «Մեր իրավաբանները հիմա ուսումնասիրում են Սահմանադրական դատարանի որոշումը, մի քանի օրից մենք ասուլիս կանցկացնենք և կպատասխանենք բոլոր հարցերին»: Ի դեպ, «Դեմ եմ»-ը ապրիլի 12-ին հավաք կանցկացնի, թե ինչ ձևաչափով է այն լինելու, ներկայումս պարզ չի. «Ներկայումս քննարկումներ ենք անցկացնում: Կլինի դա հանրահավաքի տեսքով, թե երթի, դեռևս հստակ չի, հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը: