«Գործատուները կարող են կենսաթոշակային մուծումներ չանել»
Գործատուները իրավունք ունեն և չպետք է մուծեն կուտակային կենսաթոշակային հարկերը: Այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նա ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ավելի շատ քաղաքական, քան իրավական բնույթ ուներ. «Սույն գաղափարի ճարտարապետները պարտություն են կրել, հաջորդ կառավարությունը, եթե փոքր-ինչ խելամտություն դրսևորի, չի գնա քաղաքական ինքնասպանության, այսինքն՝ չի փորձի դեմ գնալ հանրությանը, ինչպես արեց այդ մեկը»: Ասուլիսի մյուս բանախոս, գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ներկայումս նոր կառավարությունը կլծվի օրենքի իրազեկման աշխատանքներին: Այդուհանդերձ, նա չհորդորեց գործատուներին վճարումներ անել: Նա նաև անդրադարձավ վարչապետի հրաժարականին` ասելով. «Ինչպես Սերժ Սարգսյանն էր նշել, վարչապետին խնդրել էր մեկ ամիս սպասել, սակայն աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատակիցը հեռացվում է իր դիմումը ներկայացնելուց մեկ ամիս հետո, ուստի վարչապետի աշխատանքից ազատվելը նմանվեց սովորական աշխատողի ազատվելուն»: Խոսելով հաջորդ վարչապետի մասին` նա անուններ չնշեց, սակայն ասաց, որ գործադիրի նոր ղեկավարը պետք է լինի անձնավորություն, ով կտիրապետի Հայաստանի տնտեսական խնդիրներին, իսկ ԱԺ-ն պետք է դառնա իրական օրենսդիր մարմին և դադարի կառավարության կցորդը լինելուց: