«Հին Էրիվան»-ի սեփականատիրոջից ուզում են գումա՞ր կորզել. Նա կարող է անուններ տալ (տեսանյութ)
«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր- Ղազարյանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է «Յունիբանկ»-ին վճարել 2.8 մլն ԱՄՆ դոլարը։ «Եթե դատական վճիռներով «Հին Էրիվան»-ին ճանաչեն բարեխիղճ վարկառու, պատրաստ եմ 7 օրվա ընթացքում մարել այդ գումարը եւ դուրս գալ պատմությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հին Էրիվան»-ի սեփականատերը։ Սակայն վերջինս հրաժարվում է մարել 7,5 մլն ԱՄՆ դոլարը, որի պատճառով «Հին Էրիվան»-ը սնանկ է ճանաչվել. « 7,5 միլիոն դոլարի վրա տարակուսում եմ, որտեղից է առաջացել այդ մաթեմատիկան»,- ասում է նա։ Պարոն Առաքելյանը դեռ չի ուզում անուններ տալ՝ դուրս չգալով իր բարոյական ձեւաչափից, եւ երբ օրհասական վիճակ լինի, նա ամեն ինչի մասին կհայտարարի. «Կասեմ ովքեր են կանգնած եւ ինչ ձեւաչափով են ինձ հետ բանակցություններ վարվել, որպեսզի կարողանան կորզել այդ գումարը»,- խոստանում է «Հին Էրիվան»-ի սեփականատերը։ Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»-ին Վճռաբեկ դատարանը սնանկ է ճանաչել՝ համարելով, որ չի կատարել իր վարկային պարտավորությունները։ «Շենքը իր աշխարհագրական դիրքով չունի համարժեք։ Բանկին տրվել է հնարավորություն տիրանալ, եւ նա բաց չթողեց այդ հնարավորությունը»,- ասում է պարոն Տեր- Ղազարյանը։ «Հին Էրիվան»-ի շենքը գտնվում է Հյուսիսային պողոտայում։ Այն տասը հարկանի է, ունի 3000 քմ տարածք։ Այսօր հաղորդագրությամբ հանդես է եկել նաեւ «Յունիբանկ»-ը, որում մասնավորապես ասվում է. «Հանրությունը վաղուց սովորել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ՝ պարոն Մանվել Տեր Առաքելյանի «սև փիարի» աղմկալի արշավներին, կապված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ ի և «Յունիբանկ» ՓԲԸ ի («Բանկ») միջև տեղի ունեցող դատական վեճերի հետ: Տարիներ շարունակ Բանկն արհամարհել է այդ աղմկալի դրսևորումները, ինչը ռեստորանատերը, թերևս, սխալ է ընկալել: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ շուտափույթ կառուցողական քայլեր ձեռնարկելու փոխարեն նա որոշել է հերթական աղմուկը բարձրացնել մամուլում` անցնելով բոլոր սահմանները: Ցավոք, Բանկի պատշաճ կեցվածքը՝ վեճը կարգավորելու պատրաստակամությունը և անտեղի կերպով կտրուկ պատասխան քայլերից զերծ մնալու բարի կամքը հավուր պատշաճի չեն գնահատվել ռեստորանատիրոջ կողմից: Ռեստորանի ֆեյսբուքյան էջում զետեղվել է հարցազրույցի խմբագրված տեքստը, որը մտորումների տեղ տվող բազմաթիվ «շտկումներ» է պարունակում: Մասնավորապես, հեռացված են առավել սադրիչ՝ զրպարտչական և վիրավորական դրվագները: Մնում է եզրակացնել, որ պարոն Մանվել Տեր-Առաքելյանը խուսափում է պատասխան տալ ինչպես գործարար պարտավորությունների, այդպես էլ սեփական խոսքերի համար: Բանկը դեռևս ձեռնպահ է մնում պատասխանի տեքստը հրապարակելուց (այն ուղարկվել է միայն անձամբ պարոն Մանվել Տեր-Առաքելյանին)` ընձեռելով ռեստորանատիրոջը սխալներն ուղղելու հնարավորություն»: