Ս.Պատարագ Կճոյանի հանդիսապետությամբ
Ս. Հարության ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի 20-ին: Տոնը սկսվում է նախորդ օրը երեկոյան՝ ապրիլի 19-ին, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Այսօր մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ս. Պատարագին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց:
Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում տրվեց Ս. Հարության Ավետիսը՝
-Քրիստոս Յարեաւ ի մեռելոց:
-Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
-Ձեզ և մեզ մեծ Աւետիս:
Վաղը` ապրիլի 20-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան