Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անմոռանալի Բիթլզ»՝ հատուկ հայ հանդիսատեսի համար (տեսանյութ)

Մշակույթ
beatles

Առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, Բիթլզի ամենահայտնի 10 երգերի մշակումները՝ կամերային նվագախմբի ու սաքսոֆոնի համար, կմատուցվեն հայ հանդիսատեսին։ Լիվերպուլյան ամենահայտնի քառյակի (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) ստեղծագործությունները մշակվել են հատուկ Կամերային նվագախմբի պատվերով։ Համերգի մենակատարը կլինի աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելիչին։ Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է՝ սա աննախադեպ, նոր ոգով ու շնչով ծրագիր է լինելու. «Սա չի լինելու Բիթլզի երգերի կրկնօրինակում։ Ռիթմերի եւ հարմոնիայի փոփոխություն է լինելու»։ «Անմոռանալի Բիթլզ» ծրագրում նախատեսված է 4 համերգ՝ 3-ը Երեւանում, 1-ը Ստեփանակերտում։ Համերգային ծրագիրը լինելու է նույնը։ Միայն թե երկու համերգում դիրիժորը Վահան Մարտիրոսյանի փոխարեն հենց Մոնդելիչին է լինելու։ Տոմսերի արժեքը 3000-10,000 դրամ կլինի, ըստ կազմակերպիչների՝ այդ գնացուցակը հասանելի է բոլորին։ Կազմակերպիչները խոստանում են նաեւ բազմաթիվ անակնկալներ։ Ի դեպ, համերգային ծրագրի հեղինակային իրավունքները պատկանում են Կամերային երաժշտախմբին, այնպես որ այս ծրագրով նրանք պատրաստվում են հանդես գալ նաեւ արտասահմանում, իսկ Թեհրանից արդեն հրավերներ ունեն։