Հողամասերն ու այգիներն անջրդի են
Արարատի մարզի Դարբնիկ համայնքում բանջարաբոստանային կուլտուրաների սածիլումն ուշանում է։ Ոռոգման ջուրն է քիչ։ Բնակիչների ներկայացմամբ՝ գյուղի հողերը ոռոգվում են արտեզյան հորերով, ինչը ստորգետնյա ջրերի իջեցման պատճառով խնդիրներ է առաջացրել` նախկինում վայրկյանում 150 լիտր ջուր բարձրացնող հորն այսօր 7 – 8 լիտր է ապահովում, որով հնարավոր չէ գյուղատնտեսություն պահել։ Դրա համար գյուղացիները հորերի վրա պոմպեր են տեղադրել, բայց դա էլ ամբողջությամբ չի լուծում խնդիրը: Դարբնիկում գյուղատնտեսության ամենաեռուն շրջանում հողագործությամբ զբաղվող գյուղացիները անգործության են մատնված։ Ռիմա Սարգսյանը խոստովանում է՝ ոռոգման ջուր լինելու դեպքում, ինքը հաստատ ձեռքերը ծալած չէր նստի։ Նրա 2000 մետր տնամերձն անջրդի է մնացել. «Իբրև գյուղացի ենք կոչվում, մի կանաչի էլ չենք կարում ցանենք, որ ցանեինք կտանեինք կծախեինք, մեր օրվա ապրուստը կապահովեինք», - դժգոհում է գյուղացին։ Նա պատմում է, որ տարիներ առաջ, երբ ոռոգման ջուրը գյուղում օրակարգային չէր, ինքը կարողանում էր հողագործության շնորհիվ պահել իր խնամքին մնացած 3 թոռնիկներին։ Գյուղում տիկին Ռիման բախտակից ընկերներ շատ ունի։ Նրանցից մեկը Հրանուշ Մանուկյանն է, ով ևս սակավ ոռոգման ջրի պատճառով պարապ է մնացել։ Ըստ նրա՝ նման պայմաններում հողագործությամբ զբաղվելը կրկնակի ծախսատար է դառնում.«Ոռոգման ջրի համար ժամը պետք է 1000 դրամ տաս, ջուրն էլ էնքան բարակ ա, մինչև գալիս հասնում ա հողին, մի երկու ժամ տևում է, էդքան ջրին փող տամ ու արդյունքում մի քանի կոպեկով հատը կանաչի ծախեմ», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Դարբնիկ գյուղի բնակչուհին։ Դարբնիկցիների խոսքով՝ նորանշանակ գյուղապետը խոստացել է ոռոգման ջրի հարցը լուծել։ Ասում են՝ իրենք այդքան էլ դյուրահավատ չեն և մտավախություն ունեն, որ ամռան շրջանում իրենց հողամասերն ու այգիներն ամբողջությամբ կչորանան։