Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փարիզն են նկարում՝ մոռանալով Երեւանը»

Մշակույթ
image1

«Արամե» պատկերասրահում բացված ցուցահանդեսը կրում է «Նոր ընտրանի 2014» խորագիրը։ Դասական հեղինակների բացառիկ նմուշների հետ մեկտեղ ներկայացված է հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Ցուցահանդեսին ներկայացված է 50 գեղանկար եւ 20 քանդակ։ «Ցուցահանդեսի գլխավոր խնդիրը՝ մեր նոր հավաքածուն ցուցադրելն է։ Այս անգամ ցուցադրելու շատ բան ենք ունեցել։ Ձեռք ենք բերել հայ դասական հեղինակների՝ Գառզուի, Ժանսեմի եւ Գայանե Խաչատրյանի տասը գլուխգործոց, որոնք ոչ մի անգամ Հայաստանում չեն ցուցադրվել։ Փորձել ենք համատեղել դասական եւ ժամանակակից կերպարվեստը՝ ցույց տալու սերունդների ստեղծագործական կապը»,– ասաց «Արամե» պատկերասրահի հիմնադիր–տնօրեն Արամ Սարգսյանը։ Այն հարցին, թե ինչ պետք անել, որպեսզի մեր մշակույթը զարգանա, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մշակութային գործիչը պետք է հնարավորություն ունենա իր արվեստը ցուցադրելու։ Մենք ստեղծում ենք համապատասխան պայմաններ, որպեսզի տաղանդավոր գեղանկարիչները ճանաչելի դառնան հասարակության կողմից»։ Նկարիչ Մարատ Մարգարյանը ներկայացել էր «Առավոտյան Երեւան» եւ «Երեւանյան գիշերով» նկարները։ Ինչպես նկարիչն է նշում. «Այսօր շատերը նախընտրում են Փարիզը նկարել ու մոռանում են մեր երկրի մասին։ Ես էլ փորձել եմ իմ Երեւանը նկարել»։ Մեկ այլ երիտասարդ նկարիչ Ավետիս Խաչատրյանը պատմեց. «Ես ինքս ինձ եմ նկարել։ Մի նկարում պատկերել եմ իմ հեքիաթի հերոսները, իսկ մյուս նկարում՝ այն կնոջը, ում մասին միշտ երազել եմ»։ Նշենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ մայիսի 25-ը։