Հովիկ Աբրահամյանը նիստից առաջ եկեղեցի էր գնացել
Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ:
Երևանի Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ Շմավոն քահանա Ղևոնդյանն էր:
Ս. Պատարագին մասնակցում էին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը շնորհավորեց բոլոր Հովհաննեսներին ու Հովհաննիսյաններին, Կարապետներին ու Կարապետյաններին, Մկրտիչներին ու Մկրտչյաններին՝ իրենց անվանակոչության տոնի առթիվ:
«Ես ուզում եմ ՀՀ Վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել նորանշանակ Հովիկ Աբրահամյանին: Եվ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսը տալով՝ Ս. Հովհաննես Մկրտչի օրհնությամբ նրան մաղթենք բարի ընթացք՝ վասն մեր երկրի շինության ու շենացման: Սիրելի հավատացյալներ, ձեր աղոթքները թող լինեն իր հետ այսօր, վաղ և ընդմիշտ՝ իր առաքելության, բարձր հանձնառության ընթացքի մեջ»,-ասել է նա։
ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ևս այսօր լի էր ուխտավորներով: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ուխտի էին գնացել այնտեղ:
Ս Պատարագի ավարտին մատաղի օրհնություն և հյուրասիրություն տեղի ունեցավ: Ապա եկեղեցու բակում ելույթ ունեցան Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երգչախմբերը, Մխչյան գյուղի դպրոցի պարի խումբը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
