Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահի 3 թեկնածու

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ajy

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի ՀՀԿ թեկնածու Գալուստ Սահակյանը խոստանում է շարունակել այն դրական ավանդույթների պահպանումը, որ ԱԺ ամբողջ պատմության ընթացքում եղել է: Պարոն Սահակյանն այս մասին ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց ԱԺ ամբիոնից, երբ ներկայացնում էր իր ծրագիրը` խորհրդարանի նախագահ դառնալու դեպքում: Նա հայտարարեց, որ ակտիվացնելու են մշտական հանձնաժողովների աշխատանքը: Ապա պարոն Սահակյանը սկսեց բնութագրել ինքն իրեն. «Ես մարդկանց մեջ միշտ լավն եմ տեսնում, ինձ համար չկան վատ մարդիկ: Որքան էլ տարբեր քաղաքական ուժեր տարբեր հայացքներ ունենան, ես հնարավոր եմ համարում ցանկացած հարցի քննարկում ու ինչ-որ չափով լուծումներ գտնել: Ես շատ կարեւորում եմ իմ նկատմամբ վստահության ձեւավորումը, եւ խոստանում եմ` լավագույն արդյունքների համար պայքարել: Մենք բոլորս էլ մի նպատակի համար ենք պայքարում, սակայն ուղիներն են տարբեր: Ինձ համար օտարոտի է հարաբերություններում թշնամանքն ու երբեմն էլ բանսարկությունը: Պատշաճորեն ձեզ շնորհակալությունն եմ հայտնում` իմ առաջադրման համար»: «Շնորհակալություն, պարոն Սահակյան, օպտիմիստական ելույթի համար»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գալուստ Սահակյանին հարց տալու համար հերթագրվել էր միայն մեկ պատգամավոր` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նկատեց` ՀՀ Սահմանադրությունը արգելում է որեւէ պատգամավորի` ձեռնարկատիրությամբ զբաղվել. «Դեռ 2011թ. հրապարակել ենք ցուցակ, որտեղ նշել ենք այն պատգամավորների անունները, որոնք իրենց պատգամավորական գործունեությունը համատեղում են ձեռնարկատիրության հետ: Մինչեւ հիմա բան չի փոխվել: Նաեւ հրապարակվել են տվյալներ հենց ձեր` պարոն Սահակյան, մասնակցությամբ տարբեր բիզնեսների` երթուղային գծերի տնօրինում: Խնդրում եմ հանրությանը բացատրություններ տալ, վերջնականապես պարզենք` արդյոք համարո՞ւմ եք, որ որեւէ պատգամավոր, իսկ դրանք հիմնականում ՀՀԿ-ական են, իրավունք ունեն խախտել Սահմանադրությունն ու համատեղել պատգամավորական մանդատի հետ»: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ քաղաքացիները իրավունք չունեն խախտել Սահմանադրությունը. «Ես կողմնակից եմ, որ պատգամավորներն ավելի ակտիվ լինեն ու օրուգիշեր զբաղվեն ձեռնարկատիրությամբ: Ես չեմ տեսնում ու որեւէ օրինակ չեմ կարող բերել ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորի: Իհարկե, կարող են բաժնետեր լինել, դա խախտում չէ: Այո, ես գիծ ունեմ, բայց քաղաքական, ես գծատիրությունից բան էլ չեմ հասկանում: Ես ուրախանում եմ, որ ինչ-որ բան էլ ինձ են ասում: Ես բիզնեսով չեմ զբաղվում. եթե հնարավորություն ունենայի, ես էլ մի տեղ բաժնետեր կլինեի»: ԱԺ նախագահի թեկնածու է ինքնաառաջադրվել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Հակոբյանին: