Տ. Ն.Կճոյանը հյուընկալեց Հելսինկիի մետրոպոլիտ Ամբրոսիոսին
Երեկ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի մետրոպոլիտ Ամբրոսիոսին: Նրան ուղեկցում էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեին: Հելսինկիից ժամանած պատվիրակությունը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում հանդիպեց ԱՀԹ երիտասարդական կառույցների անդամներին: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ողջունեց հյուրերին, ապա Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախմբի կատարմամբ Տերունական աղոթքի երգեցողությամբ սկսվեց հանդիպումը: Երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հյուրերին ներկայացրեց թեմի երիտասարդական կառույցների աշխատանքը, գործունեությունն ու ծրագրերը: Մետրոպոլիտ Ամբրոսիոս եպիսկոպոսը նախ շնորհակալություն հայտնեց Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսին՝ հյուընկալելու համար, դրվատանքի ու գովեստի խոսքեր ասաց «Արարատ» երգչախմբին՝ իր խոսքով՝ հրեշտակային կատարման համար: Ապա ներկայացրեց Ֆինլանդիայում Ուղղափառ եկեղեցու գործունեությունը, երիտասարդաց կառույցների աշխատանքը: Իր խոսքում հիշատակեց նաև, որ 35 տարի առաջ պատիվ է ունեցել Զագորսկու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայում սովորել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ կաթողիոսի հետ: Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: ԱՀԹ երիտասարդներին հետաքրքրում էին տարբեր հարցեր. ի՞նչ վերաբեմունք ունեն Հայոց մեծ եղեռնի մասին Ֆինլանդիայում պետական ու եկեղեցական մակարդակում, արդյո՞ք երկպառակտություն չի առաջանում պետական երկու քրիստոնեական եկեղեցիների՝ Լյութերական ու Ուղղափառ, առկայության պարագայում, ի՞նչ խնդիրների կան աղանդավորական շարժումների դեմ պայքարում, ինչո՞ւ են մարդիկ պարտադիր հարկ վճարում եկեղեցու անդամ լինելու համար և այլն: Երիտասարդական միությունների անդամներն առաջարկեցին Մետրոպոլիտ Ամբրոսիոսին ֆին երիտասարդների ամառային ճամբարներից մեկն իրականացնել Հայաստանում, ինչը համատեղ ծրագրերի ու համագործակցության սկիզբ կլինի: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան