1-ին տեղում՝ Տափերականի միջնակարգ դպրոցի թիմը
Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում անցկացվել է ավագ դպրոցի տնտեսագիտություն առարկայի շրջանակում կազմակերպվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» ամենամյա մրցույթի 2014 թ. եզրափակիչ փուլը։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring 2014» մրցույթի նպատակը աշակերտների տնտեսագիտական և ֆինանսական գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու կարողությանը նպաստելն է։ Արդեն 5-րդ տարին է, ինչ «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ: Մարզերի հաղթող 11 թիմերը ապրիլի 30-ին մասնակցեցին հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որոնց ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական և ֆինանսական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը: Մրցույթի պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ներկայացուցիչները: Հաղթող թիմերը ճանաչվեցին՝ • 1-ին տեղ - Արարատի մարզի Տափերականի միջնակարգ դպրոցի թիմը • 2-րդ տեղ - Գեղարքունիքի մարզի Ծովինարի միջնակարգ դպրոցի թիմը • 3-րդ տեղ - Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 5 դպրոցի թիմը Հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: Հատուկ մրցանակներ տրամադրվեցին նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն