«Ողբալի վիճակում գտնվող իշխանությունը անհնարին է դարձնում որեւէ քննարկում» (տեսանյութ)
«Ներկա աշխարհակարգը և քաղաքակրթական մոդելը իրենց միսիան աշխարհի վրա ավարտել են»,-համոզված է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` նորը ծնող աշխարհը դեռ ընդվզումների մեջ է, և Ուկրաինայի դեպքերը հենց դրա ապացույցն են. «Ռուսաստանը 20 տարի է՝ Ամերիկային ասում է՝ արի Անտանտ ստեղծենք, բարեկամություն անենք, լիդերություն անենք աշխարհում միասին, բայց Պուտինը Ուկրաինայում ստացավ վերջնական ոչը, մինչ այդ ոչը հնչում էր, բայց բարձրաձայն չէր ասվում»: Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհի ներկա բևեռացումը պետությունների` իրարից տարբեր արժեհամակարգերի գոյության արդյունք է. «Ժողովուրդները ներկայանում են իրենց մշակույթով, որը խարխսված է նրանց արժեհամակարգի վրա: Ռուսաստանի արժեհամակարգը չի կարողանում ընդհանուր եզրեր գտնել աշխարհի հետ, օրինակ Եվրոպան արդեն հարմարվել է այն փաստին, որ ինքը միշտ երկրորդն է և չի կարող Ամերիկային անցնել և ավելին, եթե պետք է լինում, Եվրոպան կարող է դառնալ նաև մատաղացու, իսկ ահա Ռուսաստանը նման կարգավիճակի հետ երբեք չի կարող հաշտվել և անդադար ընդվզում է»: Պարոն Մանուչարյանը նկատում է, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. «Մենք պետք է սովորենք ապրել, սովորենք դիմակայել նոր մարտահրավերներին: Այս անկապ աշխարհում, այս դժոխային աշխարհում չկա լույս, որ ասենք այստեղ լույս կա, մի օր մեկը դրական բան է անում, մյուս օրը ոչ: Մենք պետք է սովորենք միասին խոսել, քննարկել, հասկանալ այս նոր աշխարհակարգը, բայց Հայաստանի ողբալի վիճակում գտնվող իշխանությունը անհնարին է դարձնում այդ: Եթե նախագահը, նախարարը երեկ ընդամենը գողեր էին, այսօր արդեն մարդասպաններ են, երկիրը ոչնչացնող, և մենք ոչ մի կերպ չկարողացանք սա հաղթահարել»,-վրդովված եզրափակեց նա: