Ո՞րն է այսօր ռադիոյի առաքելությունը (տեսանյութ)
Մայիսի 7-ը պատմության մեջ հայտնի է որպես Ռադիոյի օր: Հենց այս օրն է 1895թ. ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ստեղծել աշխարհում առաջին ռադիոընդունիչը: Ռադիոյի օրը առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվել է Մոսկվայում 1925թ.։ Ռադիոն կարուսելի նման անվերջ պտտվող հրաշալի մի օղակ է: Ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանի համար հենց այս նշանակությունն ունի: Նա 18 տարեկանից սկսած շուրջ 43 տարի աշխատում է Հանրային ռադիոյում եւ նրա համար այս օրն ունի կարեւոր նշանակություն: Հաղորդավարն ամեն օր շտապում է ձայնագրման ստուդիա ու պատրաստվում եթերին։ Հայաստանում ռադիոսիրողների առաջին շարժումը սկսվեց դեռ 1924թ., որին հաջորդեցին ռադիոխմբակների ձեւավորումը, իսկ հետագայում նաեւ` առաջին ռադիոհաղորդումները: Սարգիս Նաջարյանը վստահեցնում է` որքան էլ հեռուստատեսությունն ու ինտերնետը զարգանան, ռադիոն իր դերն ու նշանակությունը երբեք չի կորցնի. «Փորձեք ջրի տակ ռադիոն լսել, փորձեք սարի վրա լսեք, փորձեք տիեզերքում լսել»: Ըստ նրա` ռադիոն իր համար պահպանել է հեքիաթի պատրանքը, որը չեն կարող տալ ոչ հեռուստատեսությունը, ոչ էլ ինտերնետը. «Նույնիսկ նկարիչները կարող են ռադիո լսելով` գեղեցիկ պատկերներ նկարել: Կույր ռադիոլսողներ կային, որ մեզ կարողանում էին բնութագրել ձայնով»: Պարոն Նաջարյանը նկատում է` 1990-ական թթ. դժվարին տարիներին ռադիոն կատարեց իր գլխավոր դերը. «Մինչեւ գիշերը ժամը 12-ը մարդիկ մութ իրենց սենյակներում մոմերը վառած ռադիո էին լսում: Ռադիոն դարձել էր այդ մարդկանց, մեր ժողովրդի լավագույն քույրը, եղբայրը, բարեկամը, հարազատը»: Չթերագնահատելով նորաստեղծ FM մասնավոր ռադիոկայանների նշանակությունը` պարոն Նաջարյանն անընդունելի է համարում ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը. «Առավոտից մինչեւ երեկո երաժշտություն տալ, դա դեռ չի նշանակում լինել ռադիո: Նույն երգիչը նույն օրվա մեջ կարող է 3 անգամ երգել նույն ռադիոյում: Ի՞նչ է սա: Եթե պատվերով համերգ է, դա էլ հասկանալի չէ: Նույն երգչին կարելի է տանը լսել, ինտերնետով տեսնել, ո՞րն է այդ ռադիոների առաքելությունը»: Արդյոք մեր համաքաղաքացիները լսո՞ւմ են ռադիո եւ ինչն է նրանց գրավում ռադիոեթերում: Նրանց պատասխանները բազմազան էին։ Ավելին՝ տեսանյութով