Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական մեքենան գողացել եւ վրան գրել են «LOVE». «Փաստինֆո»

Հասարակություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան հափշտակելու մեջ մեղադրվող 2 երիտասարդները մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել տուգանքի` 500.000-ական ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարման համար դատարանը սահմանել է ժամկետ մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը: Անչափահաս Անդրանիկը, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով իր քրոջ նշանածի՝ Գևորգի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2013թ. դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 16/1 շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ին հատկացված և Սարիբեկ Ռուստամյանին ամրակցված «Daewoo-Tiko» մակնիշի ավտոմեքենան: Ամբաստանյալները դատաքննության ընթացքում իրենց մեղավոր են ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք էին տվել, որ այդ մեքենան հետաքրքրել է իրենց, ցանկացել են «փակովի» պայմանով ավտոմեքենա գնել ու մոտեցել են մեքենային եւ սկսել հարցուփորձ անել այնտեղ գտնվող մարդկանց՝ ճշտելու, թե այդ մեքենան ու՞մ է պատկանում և վաճառվու՞մ է արդյոք այն, թե` ոչ: Սակայն հարցվածներից ոչ ոք չի ճանաչել մեքենայի տիրոջը: Երիտասարդները ևս մեկ անգամ գնացել են վերը նշված վայր՝ փորձելով ճշտել, թե ի վերջո ու՞մ է պատկանում այդ մեքենան, սակայն կրկին ոչինչ չեն կարողացել պարզել, ուստիեւ՝ որոշել են այն գողանալ: Մեքենան չկարողանալով հրելով տեղից շարժել՝ գնացել են տուն և ամբաստանյալ Անդրանիկի մորը խնդրել, որպեսզի գա և օգնի իրենց հրել այն՝ հավաստիացնելով, թե մեքենան գնել են «փակովի» պայմանով։ Մայրը սկզբում չի համաձայնել, բայց որդին համոզել է նրան՝ ասելով, որ այն տեր չունի, և նրանք երեքով գնացել են, որպեսզի մեքենան հրելով բերեն իրենց բակ, ինչը նրանց չի հաջողվել։ Ապա ամբաստանյալները մոտեցել են տաքսու վարորդին և նրան խնդրել, որպեսզի օգնի։ Մեքենան իրենց բակ տեղափոխելուց հետո՝ հաջորդ օրն առավոտյան, ավտոմեքենայի վրայից հանել են էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը ու տարել տուն՝ լիցքավորելու: Այդ ժամանակ երիտասարդները մեքենայի ետևի նստատեղի մոտ նկատել են ոստիկանության ծառայողի համազգեստի գլխարկ, ինչից վախեցած մտածել են, որ գողացված մեքենան կարող է պատկանել ոստիկանության աշխատակցի և որոշել են ավտոմեքենայի գույնը փոխել, որպեսզի չբռնվեն ոստիկանության կողմից: Ամբաստանյալները մեքենանան ներկել են սև գույնի, իսկ կանաչ գույնով մեքենայի դռներին գրառել «ARMENIA», իսկ շարժիչի ծածկոցին` «LOVE» բառերը:  «Փաստինֆո»