Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում հոգեբանի (տեսանյութ)

Հասարակություն
Ani

«Այսօր աշխարհը սթրեսի հանդեպ զգայուն է, և կապ չունի՝ սոցիալապես ապահով, թե անապահով պետություն է»,- կարծում են հոգեբան Սամվել Խուդոյանն ու հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը։ Մասնագետների խոսքով՝ դեպրեսիան ավելի տարածված է հատկապես մեծ քաղաքներում, իսկ գյուղերում անգամ կանաչ գույնը՝ բնությունը, օգնում են մարդկանց ավելի արագ ապաքինվել խնդիրներից, ինչու չէ նաև՝ տխրությունից։ Նարեկաբույժը կարծում է, որ մենք՝ հայերս, դեպրեսիվ ազգ ենք, ինչն էլ պայմանավորված է մեր պատմությամբ. «Եկեք ուշադրություն դարձնենք մեր բառապաշարին, օրինակ՝ մեռնեմ պրծնեմ, մեռնեմ ջանիդ, ինչիդ վրա ես ուրախանում։ Կարելի է ասել, որ մեզ մոտ կա վախի բարդույթ, որ մենք ուրախանալու իրավունք չունենք։ Կյանքն ապրելու համար է, սակայն մենք ուրախ և տխուր պահերին էլ օգտագործում ենք մահ բառը»։ Ցեղասպանությունը, պատերազմները, անընդհատ օտարի լծի տակ լինելը, թողել են իրենց դրոշմը հայ հասարակության վրա. «Ուշադրություն դարձնենք հայ մանուկների աչքերին, բոլորի մոտ մի տեսակ թախիծ կա»,- շարունակեց հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը։ Թեև մասնագետները չեն ժխտում, որ Հայաստանից արտագաղթողների թիվը մեծանում է նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, միևնույն է, կա նաև հոգեբանական խնդիր. «Օրինակ՝ լավ մասնագետները հեռանում են չգնահատված լինելու պատճառով, բայց մարդ կա, որ ինչ ուզում է լինի՝ ապագան այստեղ չի տեսնում, այստեղ կարող է լինել պրոֆեսոր, բայց գնա արտասահման և աշխատի, ասենք, կանաչի վաճառող։ Պատճառն այն է, որ մարդկանց մեջ «ամեն ինչ վատ է լինելու» վախը նստած է»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Այն հարցին, թե հետևելով մեր պաշտոնյաների ելույթներին՝ արդյո՞ք կարելի է հասկանալ՝ ով է ավելի դեպրեսիվ, հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը պատասխանեց. «Նրանց դեպրեսիան ավելի մեծ է, քանի որ բիզնեսմեններ են և կորցնելու ավելի շատ բան ունեն, հետևաբար ավելի անհանգիստ են, քանի որ մտածում են իրենց բիզնեսի մասին»։ Նարեկաբույժը նաև հավելեց, որ իր մոտ այցելել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուն չնշեց, քանի որ նրանք մասնագետի համար ոչ թե պաշտոնյա են, այլ սովորական մարդ։