Տուֆակերտ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ
Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղևորվեցին Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ։ Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության և Երևանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։ «Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երևանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները ևս առաջիկայում մեկնելու են Արցախ և 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։ Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը ևս 2-3 շաբաթ կտևի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։