Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակ կենտրոնը» դիմում է իշխանություններին

Հասարակություն
160484

Հրապարակային հարցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ քաղաքաշինության նախարար

Նարեկ Սարգսյանին

    Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում  նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»: «Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումից արդեն անցել է բավական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, սակայն մենք այդպես էլ չենք ստացել տեղեկատվություն պարունակող պատասխան աղետի գոտում ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետների մասին: Իսկ մեր շինհրապարակներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ, ցավոք, այդ շինհրապարակները մշտապես տեսնում ենք դատարկ: Ուստի ստիպված ենք ևս մեկ անգամ դիմել ձեզ, ակնկալելով մասնավորապես Գյումրիում բնակարանաշինության վերսկսման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում: Ի դեպ, հրապարակային այս հարցումը ձեզ հղում ենք դեռ 2013 թվականին շահագործվելիք բնակարանների շահառուների, Գյումրու Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին և երկար ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցների, ինչպես նաև տասնյակ գյումրեցիների անունից: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան Գյումրի, 2014 թ. մայիսի 15 Հրապարակային հարցմանը միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խնդրով շահագրգիռ այլ գյումրեցիներ: