«Յոթ որդով սեղան նստես» օրհնանքն այլևս արդիական չէ Հայաստանում (տեսանյութ)
Ընտանիքի մոդելի վերաբերյալ պատկերացումները փոխվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտություններն են ցույց տալիս: Հիմնադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը նշում է՝ եթե մինչև 1980-ականների վերջ հայ ընտանիքներն ունենում էին 3-4 երեխա, ապա այժմ՝ 1-2, թեև հայ ընտանիքների համար երեխաների իդեալական թիվը շարունակում է մնալ 2-3-ը։ Մհեր Մանուկյանի ընտանիքը դրական առումով տարբերվում է միջին վիճակագրական հայ ընտանիքից: «Ես ու կինս ունենք 4 երեխա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է նա։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանում քիչ երեխաների ունենալու պատճառը ոչ միայն սոցիալական է, այլևս հոգեբանական, այսինքն՝ թե որքանով են ընտանիքներն իրենց երեխաների ապագան տեսնում այս երկրում։ Ներքին ապահովության զգացման պակաս կա: «Յոթ որդով սեղան նստես» օրհնանքն այլևս արդիական չէ Հայաստանում: «Շատ ջերմ, շատ սիրելի արտահայտություն է մեր հայրենակիցների համար դա, բայց մենք այսօր խնդիր ունենք մեզ գտնելու ժամանակակից աշխարհում, այսօրվա աշխարհում: Մեր խնդիրը այսօր գտնելն է՝ մեր ընտանիքը ո՞րն է, երբ կենաց խմելիս լինենք, այսօր կենացը ո՞րը պետք է լինի»,- կարծում է Մհեր Մանուկյանը։ Նրա գնահատմամբ՝ հայերն անցյալից իրենց հետ ապագա պետք է տանեն ընտանիքների ներդաշնակությունը, ընտանիքի մեջ բոլորի համատեղ ազատությունը, և ոչ թե ընտանիքի մեկ անդամի ազատությունը՝ մյուսների հաշվին: «Որպես արժեք՝ պետք է տանել ոչ միայն սերը դեպի ներս, ընտանիք, ընտանիքի անդամներ, այլև սերը դեպի դուրս, մեր հասարակության մյուս անդամներ և ի վերջո, այն հողակտորը, որի վրա մենք բոլորս ապրում ենք»,- ասում է Մհեր Մանուկյանը։ Կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը վստահ է, որ ուրիշի արժեքը կուրորեն վերցնելով՝ հայերը քանդում են իրենց արժեքը։ Այնինչ հայերն ունեն ընտանիքի կայացման իրենց տոհմական ձևը, որի շնորհիվ գոյատևել են։ «Այսօր ամուսնանում ենք, այսօր ունենում ենք երեխա, այսօր ունենք ընտանիքը։ Եվ տղամարդը, և կինը ասում է՝ ես սիրահարվեցի, ու վերջ, ու ինքը շատ թեթև է նայում էս հարցերին։ Չունի ինքը այլևս պարտավորվածություն երեխաների համար։ Օրենքով նախատեսված է որոշակի ալիմենտի քանակ, ես տալիս եմ, ես ազատ եմ, ու վերջ»,- «Ա1+»-ին ասում է Միհրդատ Մադաթյանը։ Հոգեբանին հաճախ են դիմում ընտանիքներ, որոնք քայքայման եզրին են։ Կախված նրանից, թե ընտանիքը պահպանման որքան ռեսուրս ունի, ինչ արժեքների ու հիմքերի վրա է ստեղծվել, հոգեբանը փորձում է փրկել այն։ Կլինիկական հոգեբանը խորհուրդ է տալիս պահպանել հայ ընտանիքներում փոխադարձ հարգանքն ու սուբորդինացիան, որից որևէ մեկի շահերը չեն տուժում։ «Մտեք Ապարանի կամայական խուլ գյուղ, հարցրեք ինչ-որ մի տղամարդու։ Անպայման իրեն կնոջով կճանաչեն։ Տոհմական տատիկը միշտ նախապապի պես նստած է։ Մենք կնոջ ոտնահարում չենք ունեցել էս երկրում»,- կարծում է Միհրդատ Մադաթյանը։ Նա վստահ է, որ ընտանիքը քայքայվում է ողջ աշխարհում։ Հոգեբանը կանխատեսում է, որ Հայաստանում ընտանիքի քայքայումը կհանգեցնի նաև պետության վերացմանը։ Մհեր Մանուկյանը հավելում է՝ բավականին շատացել են նաև ինքնուրույն, ինքնաբավ մարդիկ: «Եթե նախկինում մենք ունեինք շատ սերտ կապակցված ընտանիքներ, այսինքն՝ ներընտանեկան կապեր, հարաբերություններ, և ընտանիքի անդամները, առանց մեկը մյուսի, չէին կարողանում գոյատևել, և դա ճիշտ էր աշխարհի մեծ մասի համար, հիմա, այսպես կոչված, նոր, ժամանակակից աշխարհում սկսել են այդ կապերը կամաց քանդվել»,- ասում է նա։ Մհեր Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանում ևս ինքնուրույն ընտանիքները կավելանան: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունները ցույց են տալիս, որ անչափահաս երեխաներ ունեցող, քաղաքաբնակ երիտասարդ ընտանիքների գրեթե կեսը բնակվում է առանձին: Միաժամանակ հաղորդակցության գծով օգնականն ասում է՝ Հայաստանում շարունակում է բավականին ուժեղ մտալ որոշումներ կայացնելու, կարևոր հարցեր քննարկելու ավանդույթը ընդլայնված ընտանիքով՝ պապեր-տատեր, ծնողներ, երեխաներ: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում աճում է կանանց գլխավորած տնային տնտեսությունների թիվը: Փոխվել է նաև տղամարդու դերը: «Կարծես թե մենք մեր հասարակությունը ավելի տղամարդկային դարձնելու խնդիր ունենք»,- նշում է Մհեր Մանուկյանը։ Հայաստանում երեխան ծնվում է, դաստիարակվում մոր կողմից, հետո գնում մանկապարտեզ, դպրոց, որտեղ դաստիարակներն ու ուսուցիչները ևս կին են: «Սա շատ ահավոր սրվում է այն մարզերում, որտեղ մենք ունենք շատ բարձր աշխատանքային միգրացիա, որտեղ երեխաները պրակտիկորեն առանց հոր են մեծանում: Եթե դուք խոսեք, օրինակ, տեղացիների, ուսուցիչների հետ, ակնհայտ խնդիրներ կան երեխաների մոտ: Մենք պիտի կարողանանք մեր տղամարդկանց վերադարձնել հայրենիք»,- նշում է Մհեր Մանուկյանը։