Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

In the court yard (видео)

Այսօր 20 րոպե ուշացումով շարունակվեց «7-ի գործով» մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատական նիստը: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Արզումանյանին ու Սուրեն Սիրունյանին ներկաները հոտնկայս` գրեթե 10 րոպե ծափողջույններով դիմավորեցին: Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ 60 էջանոց պաշտպանական ճառով, որը հենց սկզբից էլ նշեց, թե իր պաշտպանյալը անմեղ է եւ ենթակա է արդարացման: Հիշեցնենք, որ մեղադրողները դատարանից պահանջել էին մեղավոր ճանաչել նրան մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ ազատազրկել 6 տարով: Լիպարիտ Սիմոնյանը իր ճառում նշեց մի քանի հիմքեր, որոնք հաստատում են, որ իր պաշտպանյալի նկատմամբ չի կարող 225 հոդվածով մեղադրանք առաջադրվել: Օրինակ, ըստ պաշտպանի, նախ պետք է պարզել, թե արդյոք տեղի է ունեցել զանգվածային անկարգություն` այսինքն` կարելի՞ է մարտի 1-2-ին տեղի ունեցածը որակել 225 հոդվածով: Նա կարծում է, որ միայն այն, որ ցուցարարները քաղաքապետարանի առաջ ինչ-որ ձողեր են պոկել, ապա դա որեւէ բան չի նշանակում: Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել են, որովհետեւ, ըստ նրա, մարդիկ մարտի 1-ին առավոտյան ոստիկանների կողմից հետապնդվել են մինչեւ այնտեղ: «Մարդկանց նպատակն էր այնտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնել առավոտյան տեղի ունեցածի համար: Նրանք ձողեր էին կոտրում միայն մեկ նպատակով, որ բարիկադներ սարքեն եւ պաշտպանվեն»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Այնուհետեւ ճառում նաեւ անդրադարձավ այն փաստին, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանները ոչ միայն Ազատության հրապարակի մարդկանց, այլ դրան հարակից մասերում գտնվողներին են հետապնդել. «Եթե մեղադրողը պնդում է, որ զանգվածային անկարգություններ իմ պաշտպանյալն է կազմակերպել, ուրեմն գուցե մարտի 1-ի առավոտյա՞նն էլ է իմ պաշտպանյալը կազմակերպել»: Իսկ մինչ դատարանում պաշտպանը ճառն էր ընթերցում, բակում հավաքվել էին ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն, վարչապետն ու նախարարները, Երեւանի քաղաքապետն ու այլոք: Նրանք դատարանի առաջ սպասում էին Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին` ուղեկցելու դիմացը գտնվող` Կոմիտասի անվան պանթեոն, ուր հանգչում է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այսօր նրա ծննդյան օրն է: Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան կայանեց հենց դատարանի առաջ, հետո հավաքվածների ուղեկցությամբ նա քայլեց դեպի պանթեոն, հարգանքի տուրք մատուցելուց հետո վերադարձավ կրկին դատարանի բակ ու առանց մեկ վայրկյան սպասելու` հեռացավ: Այս պահին դատարանում Վարդուհի Էլբակյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով