Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Opposition visits regions (видео)

Կոնգրեսի այցերը ընկերական պարտք է Հայ Ազգային կոնգրեսն այսօր շարունակեց իր այցելությունները դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ընտանիքներին: Շիրակի մարզում Կոնգրեսը 4 քաղբանտարկյալ անդամ ունի: «Այցելությունները, որ սկսվեցին Հրազդանից, այսօր Մարալիկ, հետո Թալին, վաղն էլ Վանաձոր, պարզապես այցելություններ են մեր ընկերների հարազատներին, ովքեր դեռեւս բանտում են: Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել. սա մեր ընկերական պարտքն է»,- այսօր Մարալիկում ասաց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանին եւ Կոնգրեսի մյուս առաջնորդներին դիմավորեցին Մարալիկում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատու, 6 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի հարազատները: Քաղբանտարկյալի ընտանիքի անդամները ցավում են, որ Ուռուտյանը անազատության մեջ է, սակայն չեն զղջում, որ ընտրությունների ընթացքում չեն կանգնել իշխանությունների կողքին: «Ես 81 տարեկան եմ, չգիտեմ տղայիս կտեսնեմ ազատության մեջ, թե ոչ, սակայն կարեւորն այն է, որ իմ որդին արդար է: Ես ուրախ եմ, որ այսօր մեզ չեն մոռացել, այս այցը մեզ համար շատ կարեւոր է: Ինձ թեւ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը», - «Ա1+»-ին ասաց Ուռուտյանի մայրը՝ Եվգինե Ուռուտյանը, որը մեծ ոգեւորությամբ իր տանը դիմավորեց Կոնգրեսի անդամներին: Մարալիկից հետո Կոնգրեսն այսօր այցելեց նաեւ Ձորակապ գյուղ` անազատության մեջ գտնվող Մուշեղ Սաղաթելյանի ընտանիքին: « Մենք ո'չ հիասթափվել ենք, ո'չ հուսալքվել ենք, բայց կարեւոր է, երբ մենակ չես»,- «Ա1+»-ին ասաց Մուշեղ Սաղաթելյանի որդին` Սեւակ Սաղաթելյանը: Ձորակապում Տեր-Պետրոսյանին դիմավորեցին ոչ միայն Սաղաթելյանի ընտանիքի անդամները, այլեւ գյուղի մյուս բնակիչները: Ի դեպ, Ձորակապը աչքի է ընկնում իր քաղաքական հստակ հայացքներով: Վերջին տարիների ընթացքում բոլոր ընտրություններում Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրում ընդդիմությունը բացարձակ հաղթանակ է տանում: Բնակիչներից ոմանք Տեր-Պետրոսյանին տեսնելով հարցրեցին` ե՞րբ են մեր քաղբանտարկյալները տուն գալու: «Կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Այսօր Շիրակի մարզում Կոնգրեսի առաջնորդների վերջին այցը Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների հայրական տուն էր: Այս ընտանիքից ձերբակալվել են 3-ը, համաներումը տարածվել է միայն Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների քրոջ որդու` Հայկ Գեւորգյանի նկատմամբ, որը օրերս ազատ արձակվեց: Կոնգրեսը պատրաստվում է այցելել դեռեւս անազատության մեջ գտնվող իր բոլոր անդամներին: Տեր-Պետրոսյանը վաղը պատրաստվում է այցելել վանաձորցի քաղբանտարկյալների ընտանիքներին: