Դատավարությունը մոտենում է ավարտին (видео)
Поддержи А1+!«Այս տեսարերիզը ապացուցում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2009 թվականի ապրիլի 10-ին, երբ ոստիկանները բերման են ենթարկել ամբաստանյալ Վահագն Գեւորգյանին»,- այս խոսքերով այսօր փաստաբան Վարդուհի Էլբակյանը դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին: Փաստաբանը առաջարկեց տեսաերիզը կցել գործին: Դատավորը, սակայն, առանց տեսաերիզն ուսումնասիրելու' մերժեց միջնորդությունը' հիմնավորելով, թե տեսագրված կադրերը վերաբերում են միայն միջադեպի ավարտական փուլին' Վահագն Գեւորգյանին բերման ենթարկելու պահին: Միջնորդության մերժումը առիթ հանդիսացավ, որպեսզի փաստաբան Վարդուհի Էլբակյանը դատավոր Գագիկ Պողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի եւ նրան մեղադրի անաչառության ու կողմնակալ վերաբերմունքի համար: Դատավորը այն քննելու համար ընդմիջում հայտարարեց: «Այդ տեսաերիզների հետազոտումից ակնհայտ կդառնար, որ Վահագնի նկատմամբ ոստիկաններն են բռնություն կատարել եւ որ միջադեպին մասնակցել են ոչ թե 3-4 ոստիկան, ինչպես պնդում է մեղադրող կողմը, այլ մոտ 15-20 ոստիկան: Միաժամանակ, ֆիքսված է թե' ժամը, թե լուսավորությունը»,-«Ա1+»-ին ասաց Վարդուհի Էլբակյանը: Մինչ այդ, Գագիկ Պողոսյանը բավարարել էր պաշտպանական կողմի առաջին միջնորդությունը' գործին կցել փորձագետի եզրակացությունը, ըստ որի բերման ժամանակ Վահագն Գեւորգյանը ստացել է մարմնական վնասվածք: Դատին ներկա էր նաեւ տուժող, ոստիկանության սպա Բագրատ Մանուկյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա կրկին պնդեց, թե Վահագնը իր նկատմամբ ցուցաբերել է ոչ հարգալից վերաբերմունք, տվել սեռական բնույթի հայհոյանք, վզի աջ կողմում հասցրել մարմանական վնասվածք /պատմելիս, սակայն նա ցույց էր տալիս վզի ձախ կողմը-խմբ/ : Բագրատ Մանուկյանը նաեւ նշեց , թե իր վրա կողմնակի ճնշումներ չկան: Մոտ կես ժամ խորհրդակցելուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Այնուհետեւ , պաշտպանական կողմը հանդես եկավ չորրորդ միջնորդությամբ' դատակոչել ականատես 5 վկաների: Այն բավարարվեց մասնակի, եւ դատարան կանչվեց միայն մեկ վկա' Գեւորգ Բոյաջյանը: Վերջինիս վկայությունը լսելուց հետո, դատարանը որոշեց անցել դատավարության եզրափակիչ փուլին' մեղադրողի եւ փաստաբանների ճառերին եւ ամբաստանյալի խոսքին: Այն կկայանա սեպտեմբերի 10-ին: