Ուշադրություն. երեխաներ չե՞ն (видео)
Поддержи А1+!Խանջյան փողոցում տեղակայված թիվ 3 դպրոցի եւ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները ամեն անգամ վախով են փողոցն անցնում: Լուսացույցը չի աշխատում, չկան նաեւ երթեւեկությունը հսկող ոստիկանական մեքենաներ: «Ի՞նչ է, խտրականությո՞ւն են անում: Ես ամեն օր ականատես եմ լինում, թե ինչպես են երեխաները շատ դժվարությամբ անցնում փողոցը: Թե ինչ է անվանի, հարուստների երեխաների դպրոց չի, ոստիկաններ չեն կանգնում, դրան գումարած արդեն մեկ տարուց ավելի է չի աշխատում նաեւ լուսացույցը»,- «Ա1+»-ին դժգոհեց մի կին: Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներից մի քանիսն էլ «Ա1+»-ի հետ զրույցում ասացին, որ շատ դժվար է իրենց համար անցնել փողոցը: «Սպասում ենք մինչեւ վարորդներից որը մեզ կխղճա ու ճանապարհ կզիջի: Ճիշտ է' մի քիչ վերեւ գետնանցում կա, բայց այնքան մութ ու վախենալու է, որ հաստատ առանց մեծի ուղեկցության չենք համարձակվի մտնել այնտեղ»,-ասաց աշակերտներից Արամը: Խանջյան փողոցի շենքերից մեկի մի բնակիչ էլ ասաց, թե լուսացույցն անսարք չէ, պարզապես քաղաքապետարանի աշխատակիցներն են անջատել: «Էլեկտրական հաշվիչը այս պատին է փակցված: Քանի անգամ եմ նրանց անջատելուց հետո փորձել միացնել, բայց հաջորդ օրը նորից եկել ու անջատել են: Մի անգամ էլ երբ հարցրեցի, թե ինչու են անջատում, չէ որ դրանով դժվարանում է անցումն անցնելը, ասացին, թե լուսացույցի առկայությունը խցանումներ է առաջացնում: Հիմա ո՞րն է լավ. ավտոմեքենայի տակ ընկնելը, թե՞ մի քիչ խցանվելը»,- ասաց քաղաքացին, ապա ավելացնելով, թե ինչպես է ինքը մի քանի օր առաջ ականատես եղել, որ ավտոմեքենան հարվածել է փողոցն անցնող դպրոցականին. «Փառք Աստծո, դժբախտ դեպք տեղի չունեցավ»: Երեւանի քաղաքապետարանից «Ա1+»-ին հայտնեցին, որ փողոցի երթեւեկության կարգավորումը իրենց իրավասությունների մեջ չի մտնում, դրանով զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը: «Լուսանշան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, որը զբաղվում է հենց այս հարցով, նշեց, որ այդ հատվածում նոր ճանապարհի բացումից հետո ռեժիմով նախատեսված չէ, որ լուսացույց աշխատի: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե երեխաները ինչպե՞ս պետք է անցնեն փողոցը, մատնանշեց մի փոքր վերեւ գտնվող գետնանցումը: Ի դեպ, փողոցի այս հատվածում կա հետիոտնի համար նախատեսված անցում:Սա նշանակում է, որ եթե լուսացույց չկա, ապա ճանապարհը հետիոտնին է: Հիշեցնենք, որ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին դիմել էր վարորդներին՝ «դպրոցների եւ ուսումնական հաստատությունների մոտ ցուցաբերել առավել զգուշություն, լինել զգոն, չգերազանցել սահմանված արագությունը, խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, ճանապարհը զիջել փողոցը հատող երեխաներին և հետիոտներին»։