Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օլիգարխների հետքերը տանում են ՊՆ (видео)

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 3 անդամներ' Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ վաղը կգնան ՊՆ-ի պահեստները ստուգելու: Հանձնաժողովի անդամները ՊՆ են գնում այն ցուցակի հետքերով, համաձայն որի' մարտի 1-ի գիշերը 5 պաշտոնյայի եւ օլիգարխի հագուստ է գլխարկներ են բաժանել ՊՆ պահեստներից: Ի՞նչ կարող են գտնել ՊՆ-ում 1 ու կես տարի հետո, ո՞րն է այս ստուգման նպատակը. «Ա1+»-ի հարցին. հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չստուգենք»: ՊՆ գնալուն կտրականապես դեմ էր հանձնաժողովի անդամ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը. «Եթե այնտեղ ինչ-որ հետք էլ թողած լինեն, 1 ու կես տարում բոլոր հետքերը մաքրած կլինեն»: Կարապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքը կասկած չունի. «Ես համոզված եմ, որ այդ ցուցակը գոյություն ունի եւ այդ ցուցակով նշված օլիգարխների հետ համագործակցել են: Մարտի 1-ին գոյություն է ունեցել նաեւ շտաբ, որը հրահանգներ է տվել»: Արամ Կարապետյանը վստահ է, որ այդ ցուցակը շրջանառության մեջ դնելու պահը պատահական չէր. «Այն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ մեջտեղ եկան հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը: Այդ ցուցակում տեղ գտածները այս կամ այն չափով կարող էին դեմ արտահայտվել սահմանի բացմանը' այս պայմաններով: Ցուցակում բոլոր տեղ գտածների անունները հայտարարվեց եւ հիմա նրանց կասեն' տեղներդ նստեք, թե չէ կասենք, ով ինչ է արել»: Արամ Կարապետյանը հարկ համարեց հիշեցնել 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. «Պարոն Քոչարյանը ասաց, որ ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետեւից, կրակում եւ նորից թաքնվում: Իսկ հիմա նա ասում, որ ոչինչից տեղյակ չի, ոչ մի հրաման չի տվել, մարտի 1-ին շտաբ չի գործել եւ այլն: Հիմա որին որի՞ն հավատանք»: Իսկ Դուք Ռոբերտ Քոչարյանի ո՞ր ասածներին եք հավատում. «Ա1+»-ի հարցին' Կարապետյանը պատասխանեց. «Ես հավատում եմ, որ Մարտի 1-ին գործել է շտաբ, որ մարտի 1-ին հրաման է տվել Ռոբերտ Քոչարյանը, եւ այդ հրամանը իրագործելու համար օգտագործվել են օլիգարխներն ու նրանց հնարավորությունները»: