Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կրպակատերերը մոտ 5 մլն դրամ վնաս են կրել (видео)

Վարդանանց 78 հասցեում տեղակայված շինանյութերի առքուվաճառքով զբաղվող կրպակներից մի քանիսն այսօր կեսգիշերին գրեթե ամբողջովին այրվել են: Հրդեհի պատճառները դեռ ուսումնասիրվում են, որոնց մասին այսօր դեպքի վայր ժամանած պատկան մարմինները խուսափեցին որեւիցե մեկնաբանություն տալ: Դեպքի վայրում այդ պահին ներկա գտնվող ականատեսները պատմեցին, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վահանակից, սկսել է արագ տարածվել' այրելով 6-7 կրպակ: Դրան հատկապես նպաստել է այն, որ էլեկտրական վահանակը գտնվել է կրպակների անմիջապես վերեւում: Ականատեսների վկայությամբ' հրդեհն հնարավոր է եղել մարել միայն հրշեջների օգնությամբ, մինչդեռ նախ պետք է անջատեին էլեկտրաէներգիան: Ինչպես «Ա1+»-ին պատմեց ականատեսներից Հրաչյա Պողոսյանը' միայն ջրի ճնշման տակ էլեկտրալարերը կտրտվեցին, որից հետո հրշեջները համարձակություն ունեցան հրդեհը մեկուսացնել: Միայն դրանից հետո Վարդանանց փողոցի հարակից շենքերի էլեկտրաէներգիան մոտ 2 ժամովանջատել են , որի կարիքն, ըստ նրա' այլեւս չկար: «Ես չեմ հասկանում' երբ մի անվտանգության աշխատակցի տեղյակ են պահում, մյուս ծառայությունները միմյանց հետ չե՞ն կապնվում: Մի՞թե երկրում չկա այնպիսի մի օրենք, որ շտապօգնությունը, հրշեջ ծառայությունը, էլեկտրացանցը միմյանց հետ մի մեխանիզմով կապնվեն: Պարզվեց, որ ոչ' յուրաքանչյուրը գործում է անկախ իր համար' կարապի, խեցգետնի, գայլաձկի պատմության նման, թողնում են քաղաքացիների հույսին, որը նրանք բոլորին հատ-հատ ահազանգեն»,- դժգոհեց Հրաչյա Պողոսյանը: Կրպակատերերը «Ա1+»-ին պատմեցին, որ հրդեհի արդյունքում իրենց հասցվել է մինչեւ 5 մլն դրամի վնաս: Նրանց մեծ մասի ապրանքն այրվել է ամբողջովին: Օրինակ' Դավիթ Սիրադեղյանի կրպակում, որը գտնվել է հրդեհից ավելի հեռու , այրվել է վաճառվող ներկերի, վրձինների մի մասը' պատճառելով 1մլն 700 հազար դրամի կամ 5 000 ԱՄՆ դոլարի վնաս: Սակայն նա այնքանով է ուրախ, որ կրպակում եղած մեկ տակառ կարբիտը չի այրվել, հակառակ դեպքում հետեւանքներն ավելի ծանր կլինեին: Տակառը մինչեւ Դավիթի գալը նրա մյուս գործընկերները հասցրել են դուրս բերել տոնավաճառից: Իսկ կրպակատեր Էռնեստ Պետրոսյանը, որի ապրանքն ամբողջովին է այրվել, մեզ վստահեցրեց, որ հրդեհն հանգցնելուց հետո պարզել են, որ այնտեղ ոչ մի ապահովիչ չի եղել, որպեսզի կարողանային հոսանքը միանգամից անջատել: Ի դեպ, տոնավաճառում վաճառվող շինանյութերը միայն կրպակատերերի սեփական ապրանքը չէր: