Դրանք ոստիկանների նկարած կադրերն են (видео)
Поддержи А1+!Երեկ Հատուկ Քննչական ծառայությունը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ իրենք ոստիկանների կողմից բռնության կիրառման կադրեր պարունակող տեսաերիզը ստացել են մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից եւ մի քաղաքացուց, որը հարցաքննվել է որպես վկա եւ տեղեկացրել, թե ինքը այդ տեսաերիզը ստացել է իր ընդդիմադիր ընկերոջից: «Այդ իրենց նկարահանած կադրերն են, եւ մենք ենք իրենց շարքերում գտնվող մեր համակիրների օգնությամբ կարողացել ձեռք բերել այդ կադրերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական խորհրդի նախագահ Սուրեն Աբրահամյանը: Նա առնվազն անլուրջ է գնահատում ՀՔԾ-ի այդ արդարացումը եւ հիշեցնում, որ նույն ՀՔԾ-ն դեռ անցած ամռանը, երբ հրապարակվեց այդ տեսաերիզը, եւ խորհրդարանում քննարկվեց, իրենք էլ էին մասնակցում քննարկումներին, դեռ մի դրվագի կապակցությամբ էլ վկաներ էին բերել: Եթե ցանկություն ունենային` այդ կադրերը կտեսնեին դրանց հրապարակումից երկու օր անց, երբ իրենց տրամաբդրության տակ կար տեսաերիզը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն անդրադարձավ բռնություն կատարած ոստիկաններին պատասխանատվության կանչելու խնդրին, երբ նրան դիմեց Սամվել Նիկոյանը, եւ երբ արդեն ուժի մեջ էր մտել համաներման մասին որոշումը, որը նաեւ տարածվում է լիազորությունները չարաշահելու հոդվածի նկատմամբ: Առանց Սուրեն Աբրահամյանի տեղեկացնելու էլ, տեխնիկայից եւ հետուստատեսությունից հասկացող մարդը, Հանրապետության հրապարակում ոստիկանների կատարած վայրագությունների կադրերը նայելիս, անմիջապես կհասկանա, որ նկարահանումներն արվել են «ներսից», այսինքն, մահակով դաժանաբար քաղաքացուն ծեծող ոստիկանին նկարահանել է իր ոստիկան ընկերը: Նկատենք, որ շատ «անմեղ», ընդհանուր, գուցեեւ ոչինչ չասող կադրեր մարտի 1-ին ուղղակի ոչնչացրել են նույն ոստիկանները: «Ա1+», «Երկիր Մեդիա» եւ ԱԼՄ հեռուստաընկերությունների օպերատորների ձեռքից խլել են տեսաերիզները, անգամ տեսախցիկները, եւ հանկարծ հանդուրժում են իրենց կողքին մի օպերատոր, որը նկարում է իրենց անօրինական գործողությունները: