Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը որեւէ կապ չունի (видео)

«ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը որեւէ կապ չունի մարտի 1-ի դեպքերի հետ»,- այսօր հայտարարեց Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: Նա նման համոզման է հանգել երեկ ՊՆ 98960 զորամասի Իրային պահեստներ կատարած այցից հետո: Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ հանձնաժողովի եւս 2 անդամ` Արտյուշա Շահբազյանն ու Արամ Հարությունյանը,երեկ գնացել էին ՊՆ Իրային պահեստներ` պարզելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն փաստաթուղթը, համաձայն որի` ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ օլիգարխներ մարտի 1-ին ՊՆ-ի պահեստներից հագուստ եւ գլխարկներ են ստացել «իրենց սափրագլուխներին տրամադրելու համար»: ՊՆ Իրային պահեստներում Աժ հանձնաժողովի անդամները ստուգել են ու պարզել են, որ 2008թ. մարտի 1-ին ՊՆ պահեստներում ընդհանրապես շարժ չի եղել: Ըստ Արսենյանի` ՊՆ պահեստներից ապրանք է դուրս գրվել փետրվարի 24-ին` սրբիչներ եւ մարտի 4-ին մահճակալներ: Հանձնաժողովի անդամները ստուգել են բոլոր գրանցամատյանները, կարգադրագրերը եւ պատճենահանել դրանք: Այցից հետո Արսենյանը բացառում է, որ ՊՆ-ից առանց գրանցման որեւէ ապրանք դուրս գա, եւ նա չթաքցրեց իր գոհունակությունը, որ ՊՆ-ում ոչինչ չի հայտնաբերվել: Գուցե բանակի նկատմամբ Ձեր սե՞րը թույլ չի տվել որեւէ բան նկատել «Ա1+»-ի հարցին` Արսենյանը պատասխանեց. «Բանակի նկատմամբ իմ սերը եւ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե իմ տեսողության կորուստով, այլեւ նրանով, որ վերջին 1000 տարվա մեջ հայ ժողովուրդն ունի իր զինված միավորումը: ՀՀ-ի պատմության մեջ ես մեկ անգամ է նման ցուցակ տեսել, որ հայտնվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո` գրված Նաիրի Հունանյանի ձեռքով: Չեմ ցանկանում մեկնաբանել նման ցուցակների նպատակները»: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում միայն ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն է այն կարծիքին, որ ՊՆ պահեստներից 2008թ. մարտի 1-ին հագուստ է բաժանվել, եւ նա վստահ է, որ Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը իրական է. «Տրամաբանական է, որ եթե նման բան է եղել, ապա դա պետք է արվեր առանց փաստաթղթերի, սակայն արյունալի գործարքների ժամանակ, միշտ փաստաթղթեր են ձեւակերպում, որպեսզի արյունը չկորի եւ չկարողանան դրանից հրաժարվել»: Ինչ վերաբերում է Արսենյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների այն պնդումներին, թե ՊՆ պահեստների գրանցամատյանները կեղծված չէին, ապա Կարապետյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ հանձնաժողովի անդամներին ցույց են տվել հենց այն գրանցամատյանը, որտեղ գրանցվել է այդ հագուստների եւ գլխարկների դուրս բերումը, կամ ինչո՞ւ եք կարծում, որ գոյություն չունի 2-րդ կամ 3-րդ գրանցամատյան»: Ի դեպ, հանձնաժողովի անդամները ՊՆ պահեստներ կատարած այցի ժամանակ պարզել են, որ պահեստի պետ Մաքսիմ Մալխասյանը փետրվարի 3-ից մարտի 14-ը արձակուրդում է եղել, սակայն նրա ստորագրությունը դրված է եղել պահեստից դուրս բերվող ապրանքների գրանցամատյաններում: «Սա պետք է ուսումնասիրման ենթարկվի»,-ասաց հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը