Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արամ Աբրահամյանի կարծիքը (видео)

«Մինչեւ մեր տնտեսությունը չլինի ազատ, ինչպես արեւմտյան երկրներում, մեր մամուլը չի կարող լինել ազատ»,- ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն' անդրադառնալով հայկական տպագիր մամուլի զարգացման հեռանկարներին: Բացի տնտեսականից, տպագիր մամուլն, ըստ նրա' ունի նաեւ սուբյեկտիվ խնդիրներ: Օրինակ' թերթի տպաքանակն ավելի շատ տարածողների ձեռքում է, քան խմբագիրների: Ի դեպ, ըստ Արամ Աբրահամյանի' թերթերի տարածումն իբրեւ բիզնես դեռ վերջնականապես չի կայացել մեզանում, քանի որ որոշակի խնդիրներ կան: «Մյուս կողմից էլ կա պրոֆեսիոնալիզմի խնդիր: Եթե ես առաջին էջում տպագրեմ նախագահի նկարը որեւիցե կենդանու մարմնի հետ եւ գրեմ սրիկա, ես, փաստորեն, էլ լրագրության կարիքը չունեմ, սակայն այդ թերթը շատ լավ կվաճառվի: Դա կոպիտ օրինակ է, սակայն տպաքանակը մոտավորապես կախված է դրանից էլ»,- նկատեց նա: «Առավոտը» թերթը, Արամ Աբրահամյանի վստահեցմամբ, «ուղղված է այն մարդկանց, որոնք ցանկանում են անկողմնակալ լրատվություն ստանալ եւ որից հետո էլ ուզում են մտածել»: Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀՀ անկախությունից ի վեր թերթ կարդալու կուլտուրան մեզանում գնալով նվազում է: Դա, ըստ նրա' հատկապես վերաբերում է երիտասարդ սերնդին, որն այսօր ավելի շատ նախապատվություն է տալիս ինտերնետային ժամանցային, սոցիալական կայքերին: Իսկ ընդհանրապես «Առավոտ»-ի խմբագիրն իր նպատակն է համարում լրատվության մատուցման մեջ հավասարակշռության պահպանումը' տեղ հատկացնելով թե իշխանություններին, թե ընդդիմությանը: Այդ պատճառով էլ թե մամուլում, թե կյանքում Արամ Աբրահամյանը հայհոյանքներին վատ է վերաբերում: «Դա փաստարկի սով է, այսինքն' երբ դու փաստարկներ չունես, դու սկսում ես հայհոյել, պիտակներ կպցնել, մարդկանց էմոցիաների վրա խաղալ, ինչպես նաեւ' ինքդ էլ ընկնում ես էմոցիաների մեջ: Ես կարծում եմ' ուղղակի պետք է տանը լավ դաստիարակություն ստանալ, որպեսզի չհայհոյել նաեւ լրագրողին»,- ասաց նա: Ի դեպ, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններին, Արամ Աբրահամյանի անձնական կարծիքով, եթե դրանք ստորագրվեն ու վավերացվեն, ապա պետք է մի թուղթ վերցնել, այն կիսել 2 մասի' գրելով բացասական ու դրական կողմերը եւ հաշվարկել: «Որպես իմ' քաղաքացու տպավորությամբ' դրականն ավելի շատ է, եթե այն վավերացվի ու իրականացվի, որում ես խիստ կասկածում եմ: Ես կարծում եմ, որ դա Թուրքիայի կողմից դժվար թե վավերացվի ու իրականացվի' առանց Ղարաբաղի հարցում զիջումների»,- ասում է Արամ Աբրահամյանը: