Հայֆեստ փառատոնը Երեւանի փողոցում (видео)
Поддержи А1+!Միջազգայի թատերական «Հայֆեստ» 7-րդ փառատոնի շրջանակներում այսօր Սայաթ-Նովա փողոցում, Տիկնիկային թատրոնի դիմաց երիտասարդ բեմանկարիչները կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում. հենց փողոցում հատակին նստած' կերտում էին բեմական կերպարներ: Ի դեպ, «Հայֆեստի» պատմության մեջ այս տարի առաջին անգամ է ներկայացվում բեմանկարչությունը որպես արվեստի ճյուղ եւ երիտասարդները որոշել են հիշեցնել իրենց գոյությունը նաեւ փառատոնին անհաղորդ մարդկանց: «Մենք այս միջոցառմամբ ուզում ենք ասել, որ Հայաստանում էլ կա բեմանկարչություն, որ այն կենդանի է, բայց այս պահին լավ տեղում չի գտնվում»,-«Ա1+»-ին ասաց երիտասարդ բեմանկարիչ, ակցիայի մասնակից Անահիտ Եմենջյանը: Ըստ նրա, այսօր նոր սերնդի բեմանկարիչները իրենց պահանջված չեն զգում, թատրոններն էլ այն վիճակում չեն, որ կարողանան երիտասարդ բեմանկարիչներ հրավիրել: «Մեթոդներն էլ, մոտեցումն էլ, ամեն ինչն էլ հին է»,-ասաց Եմենջյանը: Հայ երիտասարդ բեմանկարիչները կարողացել էին գրավել անցորդների, այդ թվում նաեւ զբոսաշրջիկների ուշադրությունը: Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 1-ից 8-ը տեղի է ունենում միջազգային թատերական փառատոն, որի շրջանակում Հայաստան են ժամանել նաեւ արտասահմանից թատերական խմբեր: