Բանավեճ. ՀՀԿ-ՀԺԿ (видео)
Поддержи А1+!Հայ-թուրքական արձանագրություններում առկա բոլոր խութերը կերեւան հետագայում, երբ կմասնատվեն արձանագրությունները եւ ամեն մի տողի տակ կտեսնենք, թե ինչ է թաքնված: Այս կարծիքին էր ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, ով այսօր բանավիճում էր ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ: «Իհարկե, բառացի գրված չէ Ցեղասպանության, Ղարաբաղյան հարցի մասին, բայց տեսնում ենք, որ արձանագրությունների հրապարակումից հետո Թուրքիան ամենաբարձր մակարդակով ցույց տվեց իր մոտեցումներն այդ առումով: Ղարաբաղյան հարցը Թուրքիան դրել ու շարունակելու է դնել օրակարգում, քանի որ նրա ցանկություններից մեկը տարածաշրջան մտնելն է' իբրեւ գործոն եւ դառնալ մասնակից»,- հայտարարեց Գրիգոր Հարությունյանը: Համլետ Հարությունյանը, ընդդիմանալով նրան, պատասխանեց. «Ես չգիտեմ այդ տողատակերը եգիպտական մումիանե՞րն են, որ պեղում են ու գտնում, թե ինչ կա այնտեղ: Կոնկրետ արձանագրությունների տեքստում որեւիցե նախապայման չկա, իսկ պեղումները հնագիտությանն են վերաբերում»: Այնուհետեւ նա համառորեն պնդում էր, որ մոտիկից ճանաչում է Սերժ Սարգսյանի անցած ուղին, ըստ այդմ' Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ցանկացած նախապայման նա ոչ մի դեպքում չէր ընդունի: «Եթե առանձին մարդիկ, Ղարաբաղի տեղը քարտեզի վրա չիմանալով, խոսում են, թե Ղարաբաղը տալիս են, գոնե Սերժ Սարգսյանի նման մարդը կասեր, եթե այդտեղ ինչ-որ նախապայման լիներ»,- Սերժ Սարգսյանին շարունակեց պաշտպանել Համլետ Հարությունյանը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդ դեպքում «Ղարաբաղի տեղը լավ իմացող» Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների մասին ի՞նչ կասի, նա պատասխանեց. «Ուզում է' Սեֆիլյանը չլինի, պապս լինի, արձանագրություններում իբրեւ նախապայման' հողի հարց չկա: Ուրիշ հարց է, որ որոշ գործիչներ անկախ իրենց ծառայություններից, իրենց համար լոզունգներ են ստեղծում իրենց գոյությունը, իրենց քաղաքական ակտիվությունն ապացուցելու համար»: Վերջում նա կոչ արեց բոլորին մի քիչ հավատ ունենալ երկրի իշխանությունների նկատմամբ, եւ ի վերջ, ըստ նրա. «Հայ-թուրքական հարաբերությունների հարցը ասուլիսի թեմա չէ, այլ գիտական խոշոր կոնֆերանս պետք է լինի. հարց են տալիս, ես պետք է կես ժամ բացատրեմ»: