Երեւանում բացվել է թուրքական խանութ (видео)
Поддержи А1+!Մինչ հայ-թուրքական արձանագրությունները վավերացման փուլում են, Երեւանում, Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է «Անկողնային պարագաներ»: Մեր նկարահանման պահին խանութում էր Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանը, որը նկատողություն էր արել խանութի տերերին «Լեզվի մասին» օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել վերացնել խախտումը: Թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: «Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ»,-ասաց Մարիամ Ալեքսանյանը: Նույն ցուցանակի հետքերով խանութ եկան Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները, որոնք նախ փորձեցին խոչընդոտել մեր աշխատանքը, ապա չներկայացնելով իրենց այցելության պատճառը` հեռացան: «Իրենք են (թաղապետարանը) թույլտվություն տվել, ի՞նչ են ուզում հիմա մեզնից,-ասաց խանութի սեփականատերը,- Իրենք ասել են վահանակի համար վճարեք, վճարել ենք»: Նրանք երկու քույր են` Մանուկյաններ, արմատներով մշեցի` Գյումրիի երկրաշարժից հետո հանրապետության երկրորդ քաղաքից տեղափոխվել են Երեւան: «Մենք քաղաքականությունը չենք խառնում բիզնեսի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանն ասել է` առանց նախապայմանների ենք առեւտուր անում: Աշխատունակ տարիքի կանայք ենք,որոշեցինք Թուրքիայից ապրանք բերել. «Թուրքական ապրանքներ» բերում էին անհատներ, վաճառում էին, մենք էլ որոշեցինք ֆիրմային խանութ բացել ավելի էժան, ձեռնտու ժողովրդի համար,-պատմում է Լուիզա Մանուկյանը,- Պայմանավորվանք թուրք գործարարարների հետ, որ իրենց արտադրանքը բերենք մոտ ժամանակներում տեքստիլ խանութ բացենք` մատչելի գներով. Եւ մենք թուրք գործարարներին, գործարանի տնօրենին բացատրել էինք, որ մեր ժողովրդին հարմար գներ պետք է լինեն»: Լուիզա Մանուկյանը եւ քույրը «Ա1+»-ին վստահեցրին, որ իրենք ոչ Ղարաբաղյան հարցն են մոռանում, ոչ էլ Ցեղասպանությունը: Բայց. «21-րդ դարում ենք ապրում, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ, Եվրախորհուրդ ենք գնում, եվրոպական տերմիններով պետք է շարժվենք»,-ասում էր Լուիզա Մանուկյանը: Մեր հարցին, թե ինչու այդ դեպքում եվրոպական ապրանք չեն բերում. նա պատասխանեց. «Որ հնարավորություն ունենանք կբերենք, էլ ինչի ենք էսպես անում»: Ապա «սպառնաց» Գերմանիայից ապրանք բերել. «Դե որ էդպես է` Գերմանիայից էլ կբերենք` տեսնենք էլի կդժգոհե՞ն: Ուրախանալու տեղը, որ Երրորդ մասում մի հատ պրեստիժնի խանութ է բացվել` բողոքում են, վայ»,-ասաց Լուիզա Մանուկյանը: Ի դեպ, «պրեստիժնի» խանութը դեռ միայն ցուցահանդեսի կարգավիճակ ունի` նոյեմբերի 1-ից բացվել է, քանի որ խանութի տերերը խոստացել են թուրք գործարարին, բայց քանի դեռ ՀԴՄ չունեն, առուվաճառք չեն իրականացնում: