Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը (видео)

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել է պաշտոնական Երևանի մոտեցումների մասին: Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը` մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար: Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը և նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաաձեռնված "Երևան` իմ սեր" նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաևայի մասնակցությամբ: