Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ազատության հրապարակում (видео)

Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ երիտասարդներ և նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա անցկացրեցին Ազատության հրապարակում, որը 2008թ աշնանից փակ էր եւ ընդամենը մի քանի օր առաջ է վերաբացվել նորոգումից հետո: Հենց այդ պահին, երբ երիտասարդները մտան Ազատության հրապարակ, հայտնվեցին ոստիակններն ու կարմիրբերետավորները: Նրանք ակցիայի մասնակիցներից պահանջեցին դադարեցնել և դուրս գալ հրապարակից: Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին լքել Ազատության հրապարակը, որին հաջորդեցին ոստիկանների բռնի գործողությունները: Նրանք ուժ կիրառելով փորձեցին Ազատության հրապարակից հեռացնել ակցիայի մասնակիցներին: Իսկ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին հեռացրին հրապարակից` ընդ որում երկու ձեռքերը ոլորելով: Վարդգես Գասպարին ի նշան բողոքի պառկեց գետնին: Որոշ ժամանակ ոստիկանները երկիտասարդներին Ազատության հրապարակում այս ու այն կողմ քշելուց հետո դադարեցրին իրենց գործողությունները, և ակցիան շարունակվեց իր հունով: Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ իր պահանջն է, որ առաջին հերթին, Ա1+-ը վերադարձվի եթեր: «Եվրոպական դատարանի վճիռը պետք է կատարեն Հայաստանի իշխանությունները, դա իմ առաջին պահանջն է, ինչպես նաև պահանջում եմ դադարեցնել խոշտանգումները ոստկանությունում, բանակում:»,- ասաց Վարգդես Գասպարին: Վլադիմիր Կարապետյանն էլ մեզ հետ զրուցում ասաց. «Ոստիկանները հերթական անգամ փորձ էին անում մեզ զրկել մեր իրավունքներից, մասնավորապես` թույլ չտալ անցկացնել բողոքի ակցիա: Կարող եմ ասել դա իրենց չհաջողվեց, ինչքան էլ իրենք լինեն օրինախախտ, այնուամենայնիվ մենք մեր իրավունքների տերն ենք լինելու ու շարունակելու ենք մեր գործն անել»: Ի դեպ, ակցիայի ժամանակ երիտասարդները բարձրախոսով միացրել էին Համաժողովրդական շարժման հայտնի երգերը, իսկ ակցիայի ավարտին նրանք բոլորը վանկարկեցին` Նիկոլ, Նիկոլ, մաքրեցին տարածքն այն թղթերից, որոնք փռել էին գետնին` նստելու ժամանակ և հեռացան: Վարդգես Գասպարին հայտարարեց, որ վաղը` դարձյալ ժամը 18-ին, ինքը Ազատության հրապարակում նստացույց է անելու և ով ցանկանում է կարող է միանալ իրեն: Լուսանկարներւ եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի