Երթը չկայացավ (видео)
Поддержи А1+!Հորդառատ անձրևի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած ուղերձը Սարյանի արձանի մոտից երթով չհասավ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը միայն ընթերցեց ուղերձը: Իսկ երթի մասնակիցները, անտեսելով եղանակային պայմանները, պահանջում էին երթով հասցնել նամակը: «Որոշեցինք երթը չեղյալ համարել` պահպանելով մեր համակիրների առողջությունը հոկտեմբերի 15-ի հանրահավաքի համար: Ուղերձն առանց երթի հիմա կտանենք, կհասցնենք Եվրոպայի խորհրդի ներկայացուցչություն: Այսօր եղանակը խաղաց իշխանության կողմից»,- պարզաբանեց Զուրաբյանը: ՀԱԿ-ի ուղերձի նպատակն է քաղբանտարկյալների անհապաղ արձակում, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացում, հանրահավաքների, երթերի ազատության ապահովում, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: «Նպատակ ենք հետապնդում Եվրոպայի Խորհրդի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների գործիքն օգտագործել մեր պահանջների ամրապնդման նպատակով: Իհարկե, մենք պատրանք չունենք և տեսել ենք, թե ինչքան ցինիկ և անպատասխան է գտնվել Եվրոպայի Խորհուրդը շատ դեպքերում` չարդարացնելով ժողովրդի հույսերը: Բայց չմոռանանք նաև այն փաստը, որ քաղբանտարկյալների մեծ մասն ազատվեցին իշխանությունների վրա Եվրախորհրդի ճնշումներից հետո», -ասաց Լեւոն Զուրաբյանը: Սարյանի արձանի մոտ հավաքվածներն ասում էին, որ առանձնապես սպասելիքներ չունեն Եվրոպայի խորհրդից: «Մենք մեր հույսը դնում են միայն մեզ վրա, ոչ թե Եվրոպայի: Անօրինականություններ, բռնություններ շատ ենք թույլ տվել, հերիք եղավ, ժողովուրդը թող ապրի ազատ, անկախ Հայաստանում»,- ասաց Մարգարիտ Վարդանյանը: « Այս քայլով կմոտենանք ինչ-որ բան փոխելուն, ինչպես բոլոր ՀԱԿ-ի ձեռնարկած բոլոր գործողությունները: Թվում է, թե արդյունքի չենք հասնում, բայց սա ինչ-որ բան փոխելու պոտենցիալ է», -ասաց Հասմիկ Թեյմուրադյանը: