Ակցիա (видео)
Поддержи А1+!Այսօր Երեւանում Կոնսերվատորիայի դիմացի այգում, Կոմիտասի արձանի մոտ էին հավաքվել Հայաստանի մշակույթի եւ արվեստի գործիչները` ի պաշտպանություն ՙՀայկական Ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի ընթացքում ընդունվեց նաեւ հայտարարություն: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ու մշակույթի եւ արվեստի այն գործիչների ցանկը, ովքեր ստորագրել են դրա տակ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՙՀայկական Ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների: