Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վարդան Պետրոսյանը ցմահ դատապարտյալի մասին (видео)

«Ես զրուցում եմ քեզ հետ. ՄԱՐԴ» խորագրով գրքի շնորհանդեսին այսօր հեղինակը ներկա չէր։ Տասնհինգ տարի առաջ նա՝ բժկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը, դատապարտվել է մահապատժի համակուրսեցու սպանության համար: Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել։ Շնորհանդեսին ներկա դերասանՎարդան Պետրոսյանն ասում է, որ Մհերն իրեն «մեղավոր է համարում ընդամենը նրա համար, որ սպանողի ձեռը չի բռնել եւ վախեցել է»: «Վախենալու համար միգուցե տասնհինգ տարին բավարար է, բայց ցմահ բանտարկությունը շատ խիստ պատիժ է էդ դեպքում»,-ասաց նա։ Վարդան Պետրոսյանը աննախադեպ է համարում, երբ ցմահ դատապարտյալն բանտում պայքարում է ոչ միայն իր, այլ նաև ուրիշների ազատության համար. «Ապրելով բանտում` շատ ավելի ազատ քաղաքացի է, քան մեզանից շատերը»: Մհեր Ենոքյանը երկու անգամ փախուստի միջոցով փորձել է ստիպել վերանայել իր գործը։ Մհերի մայրը՝ տիկին Վարդուհին ընթերցեց որդու ուղերձը ներկաներին։ «Երբ այս տողերը կարդացվեն, իմանալով որ դուք լսում եք, ես ինձ ազատ կզգամ ձեր կողքին, բանտի կիսամութ ու փոքր խցում նստած մտքով ու հոգով կհայտնվեմ լուսավոր մանկության վարդագույն քաղաքում, Աբովյանով կզբոսնեմ, երևակայածս արվեստի կամուրջը ինձ կբերի ձեզ մոտ, կողքից ուշադիր կնայեմ, հետո մեկ առ մեկ կմոտենամ յուրաքանչյուրիդ, կզրուցենք: Կփորձեմ հուզմունքս թաքցնել, ուրախանամ ձեր ներկայությամբ ու ուշադրությամբ: Ավելին, երջանիկ եմ, որ իմ առաջին գրքի շնորհանդեսին եկել եք դուք` մեր քաղաքի մարդիկ, յուրովի անհատներ: ... Ոչ մի վերջակետ, ... սխալներն ընդունելուց չվախենալով, ստեղծագործելով, արարելով պետք է շարունակենք մեր ճանապարհը դեպի կատարելություն, բարին, սերը մարդու և աշխարհի նկատմամբ: Այս տողերը գրելիս ձեր կողքին եմ, զրուցում եմ ձեզ հետ: Այսօր Ձեր ներկայությունը այստեղ ուղղակի պարտադրում է ինձ, որ իմ միջի մարդուն չկորցնեմ` այստեղ ... կլոր բանտում: Շնորհակալ եմ բոլոր ներկաներից: ... Շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին ու Սուրբ ծնունդը: Մհեր Դավիթի Ենոքյան, 15.12.2011 թ»: Մհեր Ենոքյանի ցանկությամբ՝ գրքի, նաեւ նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար։ Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով, գինը 2000 դրամ է: