Քուրդ կանանց ակցիան՝ մարտի 8-ին (видео)
Поддержи А1+!Այսօր՝ կանանց միջազգային օրվա առիթով, Երեւանի Շահումյանի անվան հրապարակում քուրդ կանայք ու երեխաներ էին հավաքվել, թուրքական բանտերում հեծացող իրենց քույրերի ազատության պահանջով։ «Թեպետ ամբողջ աշխարհի կանայք այս օրը նշում են որպես տոն, բայց մեզ համար սուգ է։ Թուրքիայի բանտերում տասնյակ քուրդ կանայք պայքարում են մեր ժողովրդի ազատության ու իրավունքների համար, զոհելով իրենց կյանքը, առողջությունը, կանացի երջանկությունն ու ազատությունը»,- «Ա1+»-ին ասաց քրդական աշխատավորական կոմիտեի հայաստանյան գրասենյակի նախագահ Ժենյա Ամիրյանը։ Թուրքիայում ազատության պայքարի համար ինքնահրկիզված ու զոհված կանանց լուսանկարներով ու բանտարկված կանանց ազատության պահանջ ներկայացնող պաստառներով, Հայաստանի քուրդ կանայք ու նրանց երեխաները մարտի 8-ը նշեցին որպես իրենց պատմական հայրենիքում՝ Թուրքիայում քուրդ կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարման փաստի արձանագրություն։ Նրանք պահանջում էին նաեւ թուրքական բանտում պահվող քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատությունը։ Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանով. «Ապրելով Հայաստանում, որտեղ մենք խնդիրներ չունենք, հատկապես տոն օրերին, մենք չենք կարողանում լիարժեք վայելել տոնը, քանի որ Թուրքիայում մեր քույրերին բռնաբարում են, խոշտանգում, զրկում տարրական իրավունքներից։ Այդ պատճառով հավաքվել ենք այստեղ, մեր զորակցությունը հայտնելու նրանց ու Թուրքիային հասցնելու մեր բողոքի ձայնը»։ Պարոն Հասանովը «Ա1+»-ի միջոցով Հայաստանի բոլոր կանանց փոխանցեց շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ եղբայրական ժողովրդի անունից ու նշեց. «Ես տոկոնություն եմ մաղթում հայ կանանց, որոնք անցել են այն դաժան ուղին, որ այժմ անցնում են քուրդ կանայք՝ Թուրքիայում»։ Քուրդ երեխաներն այսօր Երեւանի Շահումյան հրապարակում անցորդ կանանց ծաղիկներ էին նվիրում ու շնորհավորում նրանց տոնը։