«Տիկին Ալավերդյան, դուք ձեզ անկարգ եք պահում» (видео)
Поддержи А1+!Կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մինչ հարցի ձեւակերպումը, հիշեցրեց, որ այսօր «Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունվել է առանց քվորումի ու փորձեց եւս մեկ անգամ հայտնել իրենց խմբակցության դժգոհությունը: Սակայն այդ պահին նրան միջամտեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը` ասելով, թե այսքան ժամանակ չկարողացաք հստակ ձեւակերպել հարցն` առանց այլեւայլությունների: «Ես գիտեմ, որ դուք անվերջ խոսելու ցանկություն ունեք, տիկին Ալավերդյան, միեւնույն է, ձեր խոսելու մարմաջը չի բավարարվելու. 4-րդ գումարման ԱԺ նստաշրջանը սպառվում է, նիստից հետո ես ձեզ հնարավորություն կտամ անվերջ խոսելու...Ինքը ցանկություն ունի եւս 5 տարի խոսելու: Տիկին Ալավերդյան, դուք ձեզ անկարգ եք պահում, որպես կին, անհարմար զգացեք, տարիքով կին եք»,- հայտարարեց պարոն Նիկոյանը, երբ նրա եւ Լարիսա Ալավերդյանի միջեւ փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ։ Երբ ԱԺ նախագահն անջատեց տիկին Ալավերդյանի 3-րդ խոսափողը, պատգամավորն ուղղակի նետեց. «Դուք խլեցիք իմ րոպեն»: «Այո, ձեզ 5 տարի ժամանակ կտանք՝խոսելու համար»,- արձագանքեց պարոն Նիկոյանը: Թեեւ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բացակայում էին Առողջախահության, Քաղաքաշինության եւ Պաշտպանության նախարարները, սակայն պատգամավորներն, այնուամենայնիվ, ուղղեցին նրանց իրենց հարցերը: Մասնավորապես ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցն ուղղված էր Առողջապահության նախարարին. «Որոշ տեղեկությունների համաձայն, արհեստական բեղմնավորման համար Հայաստան է ներմուծվում սերմնահեղուկ: Սա ինքնին ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում վերարտադրության մասին օրենք կա, սակայն չի կարգավորվում` ինչպես պետք է ներմուծվի եւ կանոնակարգվի այս հարցը»: