Նրա «փորձանքների» հայրենիքը (видео)
Поддержи А1+!28-ամյա Ռաֆայել Միքայելյանը Հայաստան էր եկել ներկա գտնվելու փետրվարի 17-ին մահացած պապի հուղարկավորությանը։ Օդանավակայանում սահմանապահ զորքերի աշխատակիցը 5 րոպե տնտղել է նրա անձնագիրը։ Հետո խնդրել է մի կողմ քաշվել.« Ուղիղ 3 րոպե հետո ինձ ձերբակալեց Հայաստանի ոստիկանությունը»։ Ռաֆայելին տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, մեկ օր հետո Ռուսաստանի քաղաքացուն մեղադրել են, որ խուսափել է հայկական բանակում ծառայել եւ պետք է տուգանք մուծի՝ 1 միլիոն 800 հազար դրամ։ Ինչի՞ համար։ Նրան պարզաբանել են, որ 2008-ին Հայաստանում երկքաղաքացիության մասին օրենք են ընդունել եւ այս երիտասարդն ինքնաբերաբար դարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի «Հայաստանի հետ ինձ կապում է միայն այստեղ ծնվելուս հանգամանքը, ես Երեւանում եմ ծնվել, 1988-ին։ Հայաստանում եղել եմ միայն երեք անգամ»,-ասաց նա։ Նրան ոստիկանությունից բաց են թողել, երբ 300 հազար դրամ գրավ է մուծել։ Սակայն ձեռքից վերցրել են անձնագիրը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում ստորագրություն է թողել, որ չի հեռանալու իր Հայաստանից. «Ի՞նչ է ստացվում, եթե իմ մայրը Հայաստանի քաղաքացի է, հայրս՝ Ճապոնիայի, իսկ ես Ռուսաստանի, ես պիտի բոլոր երեք երկրներում էլ ծառայե՞մ»։ Էլեկտրոնային եղանակով դիմել է Ռուսաստանի պետական բոլոր հնարավոր ատյաններին, ներառյալ նախագահի կայքին։ Դիմել է նաեւ Ռուսաստանի դեսպանատուն։ Անմիջապես չեն ընդունել։ Մեկ շաբաթ սպասել է . «Ընդունեցին, երբ արդեն սկանդալ էի բարձրացրել տեղի ունեցածի մասին»։ Դեսպանատանը ասել են, որ այն ինչ տեղի է ունեցել քո հետ, օրենքի շրջանակներում է։ Անձնագիրը սակայն վերադարձրել են, ոստիկանությունից խոստացել են վերադարձնել նաեւ 300 հազար դրամ գրավը։ Այսօր պարզ է դարձել, որ 28 տարեկան այս երիտասարդը, որն ի դեպ երեք երեխա ունի, նույնիսկ ռուսական բանակում ծառայելու իրավունք չունի. «Ես ազատված եմ զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով»։ Նրանից Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են պահանջել առողջական վիճակի մասին։ Ռաֆայելը մտածում է՝ եթե ես հյուր եմ գնում, առողջության վիճակիս մասին տեղեկանքն իմ ինչի՞ն է պետք։ Ի դեպ, նրա անձնագիրը վերադարձրել են միայն երեկ։