Մարդու իրավունքները ոտնահարվում են (видео)
Поддержи А1+!Երկու օրվա ընթացքում երեք խումբ է ձեւավորվել՝ Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժելու համար: «Իրենք իրար հերթափոխ խմբեր չեն, տարբեր խմբեր են ձեւավորվում։ Մի օր գալու են տեսնեն 150 քանդող բրիգադ գա, ու ոստիկանները վազվզեն ամբողջ օրը»,- այսօր «Ա1+»-ին ասաց Եղիա Ներսիսյանը։ Արդեն երկրորդ գիշերն է, ինչ ապամոնտաժող խմբերն ու բնապահպանները գիշերում են այգում՝ ոստիկանների հսկողության տակ: «Ինչպես գիտեք, ոստիկանությունը թույլ չի տվել, որպեսզի մենք վրան տեղադրենք։ Նաեւ մարդու իրավունքների պաշտպանը եկավ եւ իր ներկայությամբ նույնպես չթողեցին վրանը դնել»,- պատմեց բնապահպան Գոռ Հակոբյանը։ «Մի քիչ ցուրտ էր, բայց քնապարկերի մեջ լուսացրինք»,- անկեղծացավ Արթուր Սաֆարյանը: Երբ մարդու իրավունքների պաշտպանը ոստիկաններից փորձել է ճշտել, թե որ օրենքով են արգելու վրանի տեղադրումը, որեւէ պատասխան չի ստացել: «Ռոբերտ Մելքոնյանը ասում է ես այդպես եմ ուզում եւ վերջ, ես եմ որոշողը»,- նշում էին բնապահպանները։։ Շուրջօրյա նստացույցի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներին վրանից զրկելը՝. բնապահպանները գնահատում են մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում, սակայն խոստանում, որ դա իրենց պայքարի վրա չի ազդի: «Եթե պետք լինի 3 տարի էլ կմնանք այստեղ»,- նշեց Արթուր Սաֆարյանը։ Բնապահպանները նախապես հայտարարել են, որ իրենք ընդամենը սպասում են, որ ոստիկանների շարքերը նոսրանան, որպեսզի հնարավորություն ունենան մոտենալ կրպակներին եւ ապամոնտաժել: