Իսկ որտե՞ղ են խաղալու (видео)
Поддержи А1+!Մաշտոցի պուրակում բարեկարգում իրականացնելու փոխարեն՝ բնապահպանները Երեւանի քաղաքապետին խորհուրդ են տալիս շուրջը նայել: «Քաղաքի մի շարք հանրային այլ վայրերում, զբոսայգիներում տեսնում ենք, որ որեւէ աշխատանք չի կատարվում եւ հենց այստեղ բողոքի ինչ- որ ակցիա սկսվեց, ակտիվորեն սկսեցին ամեն օր աշխատել»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը։ Բնապահպանների կարծիքով Մաշտոցի պուրակում ընթացող աշխատանքներն այսօր ձեւական բնույթ են կրում, մինչդեռ կանաչապատման ծառայության աշխատակիներն այլ կարծիքին են: «Ծաղիկներով, տուաներով պետք է գեղեցկացվի»,- նշեց «Կենտրոն» կանաչապատման գյուղատնտես Վարդգես Վարդգեսյանը։ Ինչ վերաբերում է այգում տեղադրված կրպակներին, ապա կանաչապատման աշխատակիցները որեւէ մեկնաբանություն չունեն: Փոխարենը դժգոհեցին հարակից շենքերում բնակվող երեխաները, որոնց համար այգին առաջին հերթին խաղահրապարակ է ծառայում: «Հիմա որ այս կրպակները կառուցվեն, որ գնդակը գլորենք, ապակիները կջարդվեն, դրա համար էլ չեմ ուզում որ կրպակները կառուցվեն»,- մտահոգված ասում է 9-ամյա Ֆերնանդը, իսկ 11 ամյա Արմանն էլ ավելացնում է. «Մեր համար խաղալու տեղ է, որ սարքեն տեղ չի լինի խաղալու»։ Թեեւ այսօր ոչ աշխատանքային օր է՝ Մեռելոց է, սակայն բնապահպանները կրկին այգում են։ Նրանց պահանջը նույն է՝ ապամոնտաժել Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված բոլոր կրպակները: Իսկ այսօր երեկոյան Մաշտոցի այգում նախատեսված է համերգ։