ՕԵԿ-ն-Ավանում (видео)
Поддержи А1+!Ավան վարչական շրջանում այսօր «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը տեւեց շատ կարճ` մոտ 10 րոպե: Պատճառն, ինչպես իր ելույթում նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ամպամած երկինքն էր: Քարոզարշավին այսօր կուսակցության առաջորդներից միայն Արթուր Բաղդասարյանն էր: Նրան ուղեկցում էին ՕԵԿ երիտթեւի ներկայացուցիչները, որոնք, սովորույթի համաձայն, հագել էին սպիտակ վերնաշապիկ ու գլխարկ` ՕԵԿ տարբերանշանով եւ շարք կանգնած` դիմավորեցին Արթուր Բաղդասարյանին: Պարոն Բաղդասարյանը ելույթ ունեցավ Ավանի Ֆինանսատնտեսական քոլեջի բակում: Նա իր ելույթում կարեւորեց երիտասարդության զբաղվածության եւ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրները: Նա Ավան վարչական բնակիչներին կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին: Իսկ կուսակցության տարածքային կազմակերպությանը պարոն Բաղդասարյանը կոչ արեց ակտիվորեն աշխատել քարոզարշավի 2-3 շաբաթվա ընթացքում, որպեսզի ՕԵԿ-ն Ավանում ունենա լուրջ հաջողություն: Ի դեպ, Ավան վարչական շրջանում ՕԵԿ-ը չունի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու: Այնուամենայնիվ, Արթուր Բաղդասարյանն իր ընտրողներին կոչ չարեց ընտրել Ավանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված այս կամ այն թեկնածուի օգտին, մինչդեռ մյուս համայնքներում նա նմանատիպ կոչերով հանդես եկել էր: