«Թող նորից գան մտնեն էդ բյուրեղի մեջ» (видео)
Поддержи А1+!«Ռուբիկ Հակոբյանը չի, որ պիտի ինձ դասեր տա քաղաքական գործիչ լինելու վերաբերյալ»,- «Ժառանգության» փոխնախագահի մասին ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ռուբեն Հակոբյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ Արմեն Ռուստամյանը պետք է շատ լավ հասկանա, որ Դաշնակցության մեջ տղամարդը տղամարդու հետեւից չի խոսում։ Ապրիլի 11-ի միասնական շտաբի աշխատանքների ժամանակ պարոն Հակոբյանը պահանջում էր, որ շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ դրվի 4 կուսակցությունների առաջնորդների ստորագրությունը։ 4-ից 3-ի մոտ ըմբռնում չգտնելով՝ պարոն Հակոբյանը հայտարարեց, որ լքում է շտաբի աշխատանքները։ Այդ ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Մեր շարքերը բյուրեղանում են»։ Երեկ ուշ երեկոյան Եղեգնաձորում պարոն Ռուստամյանը հիշեցնում էր, որ Ռուբեն Հակոբյանը դեռ չէր հեռացել, որ ինքը նման բան է ասել։ Կադրերում երեւում է, որ պարոն Հակոբյանն արդեն դուրս էր եկել շտաբի սենյակից։ «Ա1+»-ի դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը չի նահանջում. «Ըտենց բաներ ենք իրա էրեսին ըտեղ ասել»։ Ընդհանուր առմամբ, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը Ռուբեն Հակոբյանի կողմից ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի աշխատանքները լքելու մեջ վատ բան չի տեսնում . «Փաստն էն ա, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետեւից»։ Ի դեպ, պարոն Ռուստամյանը հարցնում է՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» չի լքում Ազգային Ժողովի նախագահի ձեւավորած հանձնաժողովը. «Մեծ մեծ խոսալով հո չի»։ Արմեն Ռուստամյանը տեղյակ է պահում «Ժառանգության» փոխնախագահին՝ շտաբի դռները վերջինիս առջեւ փակ չեն. «Թող հանեն էդ տարակարծությունները, նորից գան մտնեն էդ բյուրեղի մեջ»։ Հիշեցնենք,որ Ռուբեն Հակոբյանը ժամանակին եղել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ հեռացվել։